Եղել է ժամանակ, որ ես պահանջել եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ ի՞նչ է փոխվել Մհեր Արմենիայի կյանքում

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Արմենիան շարունակում է ընտանիքի հետ ապրել Հրազդան քաղաքում, բարեկամների տանը։ Երևանում հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակարանի վարկը չմարելու պատճառով, բանկը նրան պարտավորեցրել է՝ լքել բնակարանը։

Երգիչը MediaHub-ին փոխանցեց, որ շուտով բանկի հետ հարցերը կկարգավորվեն։ «Երկար բանակցություններից հետո վարկս տեղափոխում եմ այլ բանկ, ուղղակի որոշակի ժամանակ է պետք գործարքը կատարելու համար»,- ասել է երգիչը։

Օրերս MediaHub-ի «Մարդկային զրույց» մշակութաժամանցային հաղորդման շրջանակում, երգիչը խոսել է նաև իր քաղաքական հայացքները ժամանակի ընթացքում փոխելու մասին։ «Եղել է ժամանակ, որ ես պահանջել եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց հիմա լիովին սատարում եմ ՔՊ-ին, քանի որ կողմ եմ խաղաղության օրակարգին։ Ես ուզում եմ համերաշխ ապրեմ հարևան պետությունների հետ, այլևս պատերազմներ չլինեն։ Կյանքիս մի մասն ապրել եմ ՌԴ-ում, սիրում եմ Ռուսաստանը, խոսքը հիմա ԵՄ-ԵԱՏՄ մտնելու իշխանությունների որոշումների մասին չէ, այլ Հայաստանի խաղաղության մասին է»,- ասել է նա։

Մհեր Արմենիան խոսել է նաև Արցախի ու արցախցիների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանն արցախցիների հայրենիքն է, վերադարձ երազում է, բայց ոչ արյան գնով։ «Ես հարգում եմ արցախցիների կայացրած ծանր որոշումը, որ նախընտրել են հեռանալ, բայց չապրել Ալիևի հետ, նրա երկրի կազմում։ Դա հայի պատվի մասին է, որ բոլորը հրաժարվեցին իրենց ունեցվածքից ու չուզեցին ապրել թուրքի հետ»։

Խոսելով նոր Սահմանադրության նախագծի մասին՝ երգիչը հրապարակավ հայտարարել է․ «Ես լիովին աջակցում եմ նոր Սահմանադրությանը, ես կողմ եմ նոր Սահմանադրությանը»։

Leave a comment