Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը

Հասարակություն

23.11.2026 | 11:35

Սահմանադրության նոր նախագծում փոփոխություններ են նախատեսվել Ազգային ժողովի գործունեության հետ կապված։

Ավելացվել է Ազգային ժողովի ինքնաարձակման հնարավորություն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։ Սահմանվել է, որ պատգամավորի՝ Կառավարության անդամ նշանակվելու դեպքում նրա պատգամավորական լիազորությունները ոչ թե դադարում են (ինչպես գործող Սահմանադրությամբ), այլ կասեցվում են պաշտոնավարման ընթացքում։ Արձակման մասին որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

Բացի այդ, առաջարկվող կարգավորումներով ԱԺ խմբակցությունն իրավունք է ստանում անվստահություն հայտնելու փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցչին։ Իսկ օրենքի նախագիծ առաջարկելու համար քաղաքացիների ստորագրությունների շեմը 50,000-ից իջեցվել է 40,000-ի։

Գործող Սահմանադրությամբ՝ վարչապետի հրաժարականի կամ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում, եթե Ազգային ժողովը սահմանված ժամկետներում կրկնակի քվեարկության արդյունքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։

Խորհրդարանն արձակվում է նաև Կառավարության ծրագրին հավանություն չտալու դեպքում (իրավունքի ուժով)։ Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, Ազգային ժողովը կրկին արձակվում է իրավունքի ուժով։

Եթե Ազգային ժողովն ընտրում է նոր վարչապետ, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։

Վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով ձևավորված Կառավարության ծրագիրը հավանության չարժանանալու դեպքում ևս Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։

Ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում Ազգային ժողովի արձակումն արգելվում է։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment