Միջազգային իրավունքը չի արգելում միջուկային զենքի կիրառումը, երբ դա անհրաժեշտ է պետությունը փրկելու համար․ Մեդվեդեւ

Միջազգային իրավական ատյանները գոյատևելու իրավունքը ճանաչում են որպես հիմնարար սկզբունք, հետևաբար դրանք միջուկային զենքի կիրառումը չեն որակում որպես ապօրինի, երբ խոսքը պետության փրկության մասին է։ Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ «Մոսկովյան միջազգային իրավունքի ամսագրում» հրապարակված «Պետական ​​ինքնիշխանություն և միջուկային զենք․ ազգային անվտանգության ապահովման միջազգային-իրավական ասպեկտները» վերնագրով հոդվածում։

«Հարկ է հիշել Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 1996 թվականի խորհրդատվական եզրակացությունը՝ «Զինված հակամարտության ժամանակ միջուկային զենքի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի իրավաչափության» վերաբերյալ»,- գրել է Մեդվեդեւը՝ մեջբերելով Դատարանի որոշումը․ «Դատարանը չի կարող անտեսել յուրաքանչյուր պետության գոյատևելու հիմնարար իրավունքը, և, հետևաբար, ինքնապաշտպանության դիմելու նրա իրավունքը… [և] չի կարող միանշանակ եզրակացնել՝ արդյոք պետության կողմից միջուկային զենքի կիրառումը կլինի օրինական, թե ապօրինի ինքնապաշտպանության այնպիսի ծայրահեղ իրավիճակում, երբ վտանգված է հենց պետության գոյությունը»։

Ինչպես նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը, Դատարանն այդպիսով «ընդունում է մի սցենար, որում միջուկային զենք ունեցող պետությունը կարող է կանգնել գոյատևման խնդրի առջև (անկախ նրանից՝ սպառնալիքը գալիս է միջուկային, թե ոչ միջուկային պետությունից)»։ Բացի այդ, «միջազգային իրավունքը չի արգելում միջուկային զենք ունեցող պետությանը կիրառել միջուկային զենքը՝ այսինքն՝ օգտագործել իր տրամադրության տակ եղած պաշտպանական ամենահզոր միջոցները՝ սեփական գոյատևումն ապահովելու նպատակով»։

Մեդվեդեւն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը «միջազգային իրավունքի տեսանկյունից չէր դիտարկվի որպես հանցանք կամ նույնիսկ որևէ միջազգային իրավական ռեժիմի խախտում», քանի որ «միջազգային իրավունքում հստակ արգելքի բացակայություն» իրավական տեսանկյունից ավելի էական գործոն է։

Leave a comment