ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի ուշագրավ հանգամանք էլ վերջին օրերի լրահոսում կորավ՝ ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի մանրամասներն ու գործը դատարան մուտքագրելը:
Բոլորը հիշում են, թե իշխանության տարբեր ներկայացուցիչներն ինչպես էին փորձում մեղմացնել, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ արդարացնել ադրբեջանցի զինծառայողին՝ տողատակերում մեղադրելով ինքնապաշտպանություն իրականացնող կնոջը:
Սակայն այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է և տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից ու որակումներից:
Մեղադրականում հստակ ներկայացված են ինչպես ադրբեջանցու՝ Անի Ավետիսյանի երեխաներին ուղղված սպառնալիքները, այնպես էլ «Մուսաևի՝ Ա. Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, զենքի գործադրմամբ և այլ անձանց կյանքի ու առողջության համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից վեց կրակոց արձակելը»:
Գործում նաև արձանագրված է, որ այդ ամենից հետո ադրբեջանցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին։
Արդյունքում Անի Ավետիսյանը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք, մկանների և նյարդանոթային խրձի վնասում, ինչպես նաև ձեռքի մատների ծանր վնասվածքներ։
Հասկանալի է, որ Ցեղասպանություն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիա իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությունը մեղմացնելու կամ անտեսելու համար, սակայն հասարակությունն այստեղ մեծ գործ ունի` թեման ուշադրության կենտրոնում պահելու և իշխանությանը հետևողականություն պարտադրելու տեսանկյունից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: