«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որի վկայությունն են ընթացիկ տարում կայացած հանդիպումները: Կարևորվել է երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի նկատմամբ Իտալիայի հետաքրքրվածությունը, և դրական է գնահատվել իտալական շուկա հայկական ծագման ապրանքների արտահանման աճը։ Գոհունակությամբ կարևորվել է նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տարածաշրջանային գրասենյակի բացումը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։
ՀՀ ԱԳՄԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: