Արցախից բռնի տեղահանված լրագրող, հասարակական գործիչ Մարիամ Սարգսյանը դեռ ՀՀ քաղաքացիություն չի ստացել, բայց եւ չի պատկերացնում՝ այն, ինչից խուսափել էին, կտեսնեն իրենց անձնագրերում։
Օրերս ահազանգեր հնչեցին՝ Արցախից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրի դաշտում նշվում է «Ադրբեջան»։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն այս քայլը հիմնավորում է միջազգային ստանդարտներով։ «Արցախ միություն» տարածած հայտարարության համաձայն՝ ո՛չ ICAO-ն, ո՛չ էլ ISO-ն չեն պարտադրում արցախցիների անձնագրերում նշել «Ադրբեջան»։ Այդ գրառումը նրանք համարում են ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման և ՀՀ նոր օրենքի հետևանք՝ պահանջելով փոփոխել այն։
«120 հազար արցախցիներ հեռացան հենց միայն նրա համար, որ չէին ուզում համարվել Ադրբեջանի քաղաքացի եւ չէին ուզում, որ իրենց բնօրրանը համարվի Ադրբեջան։ Տեղահանությունից հետո բազմիցս քննարկվել է այս հարցը եւ նույնիսկ ՄԻՊ-ից վստահեցնում էին, որ այդպիսի բան չի լինի, նշվում էր միայն ծննդավայրը։ Խնդիրն այստեղ այն է, որ ՀՀ կառավարությունը քաջ գիտակցելով մեզ համար հարցի զգայունությունը ուշադրություն չդարձրեց նոր անձնագրի համար տարվող փոփոխությունների ժամանակ եւ եւս մեկ ցասումի ալիք բարձրացավ, ինչը շատ բնական է։ Եթե կարելի է միայն ծննդավայր նշել, ինչո՞ւ է կառավարությունը որոշել աղ ցանել չսպիացած վերքին»,- Aravot.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն ու անհամաձայնությունն է փոխանցում Մարիամ Սարգսյանը։
Ամեն դեպքում, նա միտում չի տեսնում այս ամենում։ Կարծում է, որ խնդիրը անտարբերությունն ու անհեռատեսությունն են։
Հիշեցնենք, որ մինչև 2021 թվականի դեկտեմբեր արցախցիների՝ ՀՀ քաղաքացիությունը հավաստող կապույտ անձնագրերում, որպես ծննդավայրի երկիր նշվում էր ՀՀ կամ ԼՂՀ/ԱՀ։ 2021 թվականի դեկտեմբերին, ՀՀ ԱԺ-ի ընդունած ՀՕ-376-Ն օրենքը թույլ տվեց անձի ցանկությամբ երկրի փոխարեն նշել ծննդյան քաղաքը կամ մարզը։
Իր ֆեյսբուքյան գրառմամբ, արցախցի հասարակական գործիչ, իրավաբան Նարե Սիմոնյան մինչդեռ հիշեցնում է՝ օրենքի հեղինակը փոփոխությունը հիմնավորում էր հակամարտությունների հետ առնչվող տարածքների օրինակներով՝ հիշատակելով Հարավային Օսեթիան ու Կոսովոն և, «զարմանալիորեն», շրջանցելով Արցախը։ Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ իշխանությունը փորձում էր խուսափել արցախցիների ծննդավայրը ՀՀ կամ ԼՂՀ նշելուց։
«2023 թ. ՀՀ իշխանություններն ապօրինաբար զրկեցին արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից և անուղղակիորեն դրդեցին նորից դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Նոր անձնագրերի զգալի մասում որպես ծննդավայր արդեն նշվում էր «Ադրբեջան»։ Երբ մարդիկ առարկում էին, անձնագրային բաժիններում նրանց ասում էին, որ կարող են նորից դիմել և ստանալ իրենց ծննդյան քաղաքի նշումով անձնագիր։ 2026 թ. մայիսին ընդունված օրենքով ծննդավայրի դաշտում թույլատրվեց նշել միայն երկիրը։ Այդպիսով, մինչև 2021 թ. դեկտեմբերն իրենց ՀՀ անձնագրերում «ՀՀ» կամ «ԼՂՀ» նշումն ունեցած մարդիկ այժմ դրա փոխարեն կունենան «Ադրբեջան» նշումը։
Միջազգային ստանդարտների մասին։
Միգրացիայի ծառայության վկայակոչած ICAO Doc 9303-ի 3-րդ մասի 3.7 կետով ծննդավայրի դաշտը կամընտիր է։ Եթե այն ներառվում է, կարելի է նշել քաղաքը, ավանը, արվարձանը և/կամ պետությունը։ Այսինքն՝ կարելի է նշել միայն քաղաքը։
ISO 3166-1-ը սահմանում է երկրների կոդերը, որոնք ICAO-ն կիրառում է, օրինակ, անձնագիրը թողարկող պետությունն ու անձնագրատիրոջ քաղաքացիությունը նշելու համար։ Այդ պահանջը ԾՆՆԴԱՎԱՅՐԻ դաշտի վրա ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ։
Այսպիսով, եթե անձնագիր տրամադրող մարմինը պնդում է, որ ծննդավայրի դաշտում պարտադիր է նշել երկիրը, այդ պահանջի հիմքը պետք է փնտրել տվյալ երկրի կիրառելի իրավական ակտերում։ Նշված միջազգային ստանդարտները միայն քաղաքը գրելու արգելք չեն սահմանում։
Արձանագրենք, որ ինչպես և այլ առանցքային հարցերում, այս դեպքում նույնպես, ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ոչ թե ազգային կամ պետական շահով, ոչ թե միջազգային ստանդարտներով, այլ իրենց համար միշտ ամենանախընտրելի՝ «ալիևյան ստանդարտով»,- ասված է գրառման մեջ։
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: