Արբատում՝ Առնո Բաբաջանյանն ու Միքայել Թարիվերդիեւը՝ լուսանկարներով

Նոյեմբերի 13-15-ը Մոսկվայում՝ Արբատում, մեծանուն հայ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանն ու Միքայել Թարիվերդիեւն էին՝ լուսանկարներով։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին եւ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 95-ամյակին նվիրված բացօթյա լուսանկարչական ցուցահանդես էր Մոսկվայի սրտում։

Ցուցահանդեսը կազմակերպել էին Մոսկվայի քաղաքային մշակույթի դեպարտամենտը եւ Մոսկվայի զանգվածային միջոցառումների տնօրինությունը։ Ցուցադրության նախապատրաստմանն աջակցել են Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը եւ Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամը։

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ընթերցվել է նաեւ Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի ուղերձը։

Միջոցառմանը ներկա են եղել Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի ղեկավար Վերա Թարիվերդիեւան, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Ռոզումը, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, «Նոյյան տապան» թերթի խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ինչպես նաեւ Առնո Բաբաջանյանի եւ Միքայել Թարիվերդիեւի անունը կրող մոսկովյան երաժշտական դպրոցների տնօրեններ Մարգարիտա Չերնեցկայան եւ Էլինա Ժոլկովան եւ այլ հյուրեր։

Միքայել Թարիվերդիեւը, որին բնութագրում են իբրեւ նուրբ հոգեբանական հնչերանգների վարպետ, երաժշտություն է հեղինակել ավելի քան 130 կինոնկարի համար։ Առնո Բաբաջանյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը՝ տարբեր ժանրերում, եւ հսկայական մանկավարժական ժառանգությունը տարբեր սերունդների համար վերելքի հարթակ են եղել։

Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցի խոսքով՝ Առնո Բաբաջանյանի եւ Միքայել Թարիվերդիեւի սերը Մոսկվայի նկատմամբ արտացոլված է իրենց իսկ ստեղծագործություններում, իսկ այսօր քաղաքը պատասխանում է այդ սիրուն՝ Արբատում կազմակերպելով լուսանկարչական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի մանրամասները՝ տեսանյութում

Առնո Բաբաջանյանի երկերի ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Ռոզումը ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացրել է բազմաժանր մատենաշարի արդեն լույս տեսած հատորները։ Հրատարակությունները փոխանցվել են Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին։ Դաշնակահար Յուրի Ռոզումը հատկապես կարեւորում է գործիքային հատորների գործնական նշանակությունը կատարողների համար։

 

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment