ԱՄՆ-ն կարող է տվյալների կենտրոնների կառուցումը տեղափոխել արտերկիր․ Հայաստանը դիտարկվում է աութսորսինգի համար էնտուզիաստ մոդել. գրում է Washington Examiner-ը:
ԱՄՆ-ում արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոնների դեմ դժգոհությունը տարածվել է ամբողջ երկրով մեկ։ Gallup-ի մարտին անցկացված հարցման համաձայն՝ հանրության 71%-ը դեմ է արտահայտվել իր բնակավայրում տվյալների կենտրոնի կառուցմանը, իսկ ընդամենը 7%-ն է հայտարարել, որ «միանգամայն կողմ է» դրան։ Սակայն հանրային դժգոհությունը չի նվազեցրել ավելի մեծ հաշվողական հզորությունների պահանջարկը։ Արդյունքում տեխնոլոգիական ոլորտի ղեկավարները հայտնվել են բարդ իրավիճակում՝ բախվելով նոր շինարարությունը սահմանափակող տեղական օրենսդրական նախաձեռնությունների ալիքներին։ Հնարավոր լուծումներից մեկը ձևավորվում է աշխարհի մյուս ծայրում՝ Կովկասի փոքր երկրում՝ Հայաստանում։
2024 թվականին հիմնադրված հայկական Eleveight AI ընկերությունը հունիսին բացել է Կովկասում առաջին առևտրային ԱԲ տվյալների կենտրոնը. ընկերությունը հույս ունի, որ զա բազմաթիվ նմանատիպ կենտրոններից միայն առաջինն է։ Այս լավատեսության հիմքում էական դեր ունի հանրային ընկալումների տարբերությունը։ Eleveight AI-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը Washington Examiner-ին հայտնել է, որ Հայաստանում հանրության արձագանքը ընկերության նախաձեռնությանը եղել է «շատ դրական»։ Հայաստանում տվյալների կենտրոնների նկատմամբ հանրային վերաբերմունքի վերաբերյալ խնդիրներ չկան, քանի որ դրանք երկրում դեռ նոր երևույթ են, սակայն ԱՄՆ-ում տարածված հանրային դժգոհության նման դրսևորումներ Հայաստանում առայժմ հրապարակայնորեն չեն արձանագրվել։
Պարբերականը գրում է, որ Հայաստանը ձգտում է խորացնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունն արհեստական բանականության ոլորտում՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական նկատառումներով։ Երկիրը փորձում է ամրապնդել կապերն ԱՄՆ-ի հետ և ընդլայնել միջազգային գործընկերների շրջանակը։
Eleveight-ի տվյալների կենտրոնն ու դրա հետագա ընդլայնման ծրագրերն ամբողջությամբ կախված են ԱՄՆ-ից։ Ընկերության գլխավոր բիզնես տնօրեն Դավիթ Առաքելյանը Washington Examiner-ին տված հարցազրույցում նշել է, որ նախագիծը 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած՝ Հայաստան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի «գործնական իրականացումն» է։
«Մենք Հայաստանն ենք, մենք սահման ունենք Իրանի հետ։ Եթե այդ հուշագիրը չստորագրվեր, ոչ ոք մեզ այդ տեխնոլոգիան չէր տրամադրի», — ասել է նա։
Ալեքսանյանի խոսքով՝ հուշագիրը Հայաստանին հնարավորություն է տվել դառնալու աշխարհում առաջին երկրներից մեկը, որը ներդրել է NVIDIA-ի նորագույն B300 գրաֆիկական պրոցեսորները (GPU)։
Հարցին, թե տեխնոլոգիական տեսանկյունից որքանով է նախագիծը կախված տարբեր երկրներից, Առաքելյանը պատասխանել է՝ «90%-ով՝ ԱՄՆ-ից, 10%-ով՝ այլ երկրներից»։ Նախագիծն իրականացվել է տեղական մասնագետների կողմից, սակայն հիմնված է ամերիկյան տեխնոլոգիաների վրա՝ գրաֆիկական պրոցեսորներից մինչև Dell ընկերության արտադրած սերվերներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի՝ ԱԲ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ջանքերը՝ որպես Pax Silica նախաձեռնության մաս։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի հետ՝ «ստեղծելու այնպիսի համակարգ, որը խրախուսում է աճն ու նորարարությունը՝ միաժամանակ հնարավորություն տալով ամերիկյան ստարտափներին, մշակողներին և ընկերություններին առաջատար դեր ստանձնել»։
«Մենք խրախուսում ենք Հայաստանին ընտրել վստահելի ամպային ծառայությունների և տվյալների կենտրոնների մատակարարների, քանի որ այդ տեխնոլոգիաները բարգավաճող տնտեսության և SI հեղափոխության հիմքն են», — հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
ԱՄՆ-ի և Հայաստանի հանրային ընկալումների տարբերության կարևոր պատճառներից մեկը տվյալների կենտրոնների նախագծման առանձնահատկություններն են։ Ալեքսանյանը շեշտել է, որ Eleveight-ի տվյալների կենտրոնը, որի հզորությունը նախատեսվում է հասցնել 40 մեգավատի, կառուցվել է ավելի փոքրածավալ և կայուն մոդելով։ Դրա հովացման համակարգում խմելու ջուր չի օգտագործվում։
«Մենք կարծում ենք, որ մեր մոտեցումն առաջարկում է ԱԲ ենթակառուցվածքների պատասխանատու զարգացման կենսունակ մոդել։ Մենք չենք բախվել այնպիսի դիմադրության, ինչպիսին նկատվում է ԱՄՆ-ի որոշ խոշոր նախագծերի շուրջ, և մեր բնապահպանական ընտրությունները օգնում են բացատրել դա», — ասել է նա։
«Ի վերջո, վճռորոշ նշանակություն ունեն կառույցի նախագծումը, տեղակայման վայրը, էներգամատակարարումն ու շահագործումը։ Մտածված ձևով մշակված տվյալների կենտրոնները կարող են նպաստել հանրային վստահության ձևավորմանը և ԱԲ-ի առավելությունների ավելի լայն տարածմանը», — նշել է Ալեքսանյանը։
Ալեքսանյանն այնքան վստահ է Eleveight-ի կիրառած մոդելի կենսունակության հարցում, որ խոսել է ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով ընդլայնվելու իր մտադրության մասին՝ տարածելով Գագարինում կուտակած փորձը։
ԱԲ ոլորտի զարգացումը հանգեցրել է էներգիայի և հաշվողական հզորությունների նկատմամբ անընդհատ աճող պահանջարկի՝ էապես փոխելով տվյալների կենտրոնի մեծության վերաբերյալ պատկերացումները։ Տվյալների կենտրոնների ոլորտում 17 տարվա փորձ ունեցող և StratCap-ի տվյալների կենտրոնների ստորաբաժանման նախկին գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Մարշը Washington Examiner-ին հայտնել է, որ Digital Realty-ի իր ստանդարտ տվյալների կենտրոնը 2009-2017 թվականներին ունեցել է մոտ 7 մեգավատ հզորություն։ Այդ համեմատությամբ Eleveight-ի տվյալների կենտրոնը հսկայական է։ Սակայն ԱՄՆ-ում այսօր գործող հիպերմասշտաբային կենտրոնների հզորությունը հասնում է 300 մեգավատից մինչև 1 գիգավատ՝ զգալիորեն գերազանցելով Eleveight-ի կենտրոնի հզորությունը։
Լոուրենս Բերքլիի ազգային լաբորատորիայում նախկինում աշխատած և ավելի քան քառորդ դար տվյալների կենտրոնների ոլորտն ուսումնասիրող անկախ հետազոտող Ջոնաթան Քումին Washington Examiner-ին ասել է, որ Հայաստանի մոդելի արդյունավետությունը ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման համար կախված է այն բանից, թե ինչպիսի հաշվողական ծանրաբեռնվածություն է վերապահվելու այդ կենտրոններին։
Ինտերնետային փոխանակման խոշոր օպերատորներից մեկի՝ DE-CIX-ի գլխավոր գործադիր տնօրեն Իվո Իվանովը հիմնականում համակարծիք է այս տեսակետին՝ տվյալների կենտրոնների նման մոդելի կենսունակությունը նույնպես պայմանավորելով դրանց կիրառման նպատակներով։
«Չափազանց ցածր ուշացում պահանջող իրական ժամանակի հավելվածների, օրինակ՝ ֆինանսական առևտրի և ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) դեպքում, հաշվողական հզորությունները պետք է տեղակայված լինեն օգտատերերի հետ նույն քաղաքային տարածքում։ Իսկ ուշացման նկատմամբ ավելի քիչ զգայուն կիրառությունների, օրինակ՝ դեղերի հայտնաբերման կամ չաթբոտների դեպքում, հաշվողական հզորությունները կարող են տեղակայվել օգտատերերից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա», — ասել է նա։
Այդուհանդերձ, Մարշը, Իվանովն ու Քումին համաձայնել են, որ ավելի փոքր և աշխարհագրորեն տարաբաշխված տվյալների կենտրոնները կարևոր դեր կունենան ԱԲ-ի գլոբալ, դիվերսիֆիկացված ենթակառուցվածքային ցանցում՝ սպասարկելով որոշակի մասնագիտացված ուղղություններ։ Սակայն առայժմ դրանք ի վիճակի չեն ամբողջությամբ փոխարինելու հիպերմասշտաբային կենտրոններին։
«Այսպիսի կառույցներն այս փուլում չեն կարող փոխարինել ԱԲ մոդելների ուսուցման համար նախատեսված մեգամասշտաբային կենտրոններին։ Երկուսն էլ էական նշանակություն կունենան ԱԲ-ի հետագա զարգացման համար», — ասել է Իվանովը։
Մարշը համաձայնել է, որ հիպերմասշտաբային կենտրոնները դեռևս անհրաժեշտ են, սակայն ընդգծել է նաև ավելի փոքր, ապակենտրոնացված կառույցների, օրինակ՝ Eleveight-ի կենտրոնի անհրաժեշտությունը։ Դրանք կարող են սպասարկել ավելի քիչ հաշվողական ռեսուրսներ պահանջող առաջադրանքներ, ինչպիսիք են ՏՏ ծառայությունները։ Eleveight-ի՝ ամերիկյան շուկայի սպասարկմանն ուղղված գործունեությունը կարող է օգնել լրացնել այդ ոլորտում առկա որոշակի բացերը՝ Հայաստանը դարձնելով ԱԲ ոլորտում ձևավորվող նոր գործընկեր։
«Ես վստահ եմ, որ Հայաստանը ոչ միայն կպահպանի, այլև կամրապնդի իր դիրքերը ԱԲ գործարանների ոլորտում, և դա կդառնա մեր երկու երկրների համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը», — ասել է Ալեքսանյանը։