«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Վահան Կոստանյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Մալթայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Քրիս Ֆերնի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման կարևորութունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացմանը:

Վահան Կոստանյանը և Քրիս Ֆերնը մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, գործարար կապերի ընդլայնման և առևտրաշրջանառության խթանմանն ուղղված գործնական քայլերի շուրջ։

***

«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ:

Ի շարունակություն այս տարվա մայիսին «Երևանյան երկխոսության» շրջանակներում տեղի ունեցած քննարկումների՝ զրուցակիցները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով։

Նախարարի տեղակալները մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերությունների շուրջ։

Քննարկվել է Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում առկա իրավիճակը։ Կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդումը։

***

«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միջերկրածովյան գյուղատնտեսական բարձրագույն ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIHEAM) Բարիի միջերկրածովյան ագրոնոմիական ինստիտուտի տնօրեն Բյաջո Դի Տերլիցցիի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ինստիտուտի միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ կայուն գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և պարենային անվտանգության ոլորտներում։ Կարևորվել են նաև կարողությունների զարգացմանն ուղղված կրթական և վերապատրաստման ծրագրերը, ինչպես նաև փորձի փոխանակումը։

***

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի հետ։

Զրուցակիցներն ընդգծել են վերջին շրջանում բարձր մակարդակով շփումների դինամիկան և քաղաքական երկխոսության շարունակականությունը։

Անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել հավելյալ ջանքեր ներդնել տնտեսական կապերի խորացման և գործարար համայնքների միջև նոր կապերի հաստատման ուղղությամբ։ Երկուստեք դրական է գնահատվել զբոսաշրջային հոսքերի աճը՝ այս համատեսքսում կարևորելով քաղաքացիական ավիացիայի ոլորտում փոխգործակցության ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև եվրոպական ինտեգրման գործընթացներին առնչվող հարցերի շուրջ։ Այս համատեքստում Վահան Կոստանյանը և Պերիշա Կաստրատովիչն անդրադարձ են կատարել ԵՄ անդամակցության ճանապարհին Չեռնոգորիայի արձանագրած առաջընթացին՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված փորձի փոխանակման կարևորությունը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել նաև խորացնել համագործակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդման ոլորտում:

ՀՀ ԱԳՄԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment