Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ

Այսօր կինոյի տան շենքում տեղի ունեցավ Նկարիչների միության նախագահի ընտրությունը։ Թեկնածուները երեքն էին՝ գեղանկարիչ Արա Շահումյանը, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, արվեստաբան Գայանե Իգիթյանը։ Նախագահի ընտրությունը անցավ բավականին բուռն ու թեժ մթնոլորտում։

 

Արա Շահումյանի փաստաբան Մարիանա Եղիազարյանը «Հրապարակին հայտնեց, որ ամփոփվել են ընտրության արդյունքները։ 93 տոկոս ձայն ստացել է նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, որն ըստ էության իշխանական թեկնածուն էր։ Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գայանե Իգիթյանը դեռ ընտրությունից առաջ հայտարարել էր, որ միանում է Արա Շահումյանին, սակայն ընտրության ժամանակ նրա անունը չի հանվել քվեաթերթիկից։

 

Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց․

 

«Ընթացակարգային խախտում է եղել քվեաթերթիկների հարցում։ Համագումարի ընթացքում նախագահի թեկնածու Գայանե Իգիթյանը հրապարակայնորեն հայտարարել է ինքնաբացարկի մասին՝ կոչ անելով իր աջակիցներին քվեարկել մյուս թեկնածուի՝ Արա Շահումյանի օգտին, ինչը վերջինս ընդունել է։ Ըստ ներկայացված փաստերի՝ կանոնակարգի համաձայն Գայանե Իգիթյանի անունը պետք է հանվեր քվեաթերթիկներից, սակայն այն շարունակել է մնալ ցուցակում։ Արդյունքում Գայանե Իգիթյանը ստացել է 19 ձայն, Արա Շահումյանը՝ 14, իսկ Լևոն Աբրահամյանը՝ 433 (գրանցվել է նաև 5 անվավեր քվեաթերթիկ)։ Մեր գնահատմամբ՝ քվեաթերթիկների չփոփոխման պատճառով ձայները փոշիացել են, և Իգիթյանի օգտին տրված 19 ձայները իրականում նախատեսված են եղել Շահումյանի համար (ինչը նրա ձայների թիվը կդարձներ 33)։ Հայտարարվել է ուղղակի քվեարկության համար գրանցված 480 մասնակցի մասին։

 

Նշված արդյունքների գումարը կազմում է 471 քվեաթերթիկ (433 + 19 + 14 + 5 = 471), ինչը 9-ով պակաս է հայտարարված գրանցվածների թվից։ Մեր դիտարկմամբ՝ ձայների նման բաշխումը խիստ անհամաչափ է։ Առցանց (օնլայն) քվեարկության թափանցիկության խնդիրներ են եղել։ Ժամը 17:00-ից հետո ընտրական հանձնաժողովի քարտուղարը հայտարարել է առցանց քվեարկության ավարտի մասին։ Դահլիճից հնչած հարցերին՝ թե քանի հոգի է գրանցվել առցանց քվեարկության համար և քանիսն են փաստացի քվեարկել, հանձնաժողովի ներկայացուցիչը պատասխանել է, որ տվյալ պահին այդ թվերը հայտնի չեն։ Այս ընտրությունների ժամանակ չեն պահպանվել առցանց քվեարկության համար սահմանված վավերապայմանները»։

 

 

Leave a comment