Գերմանիայում անցկացված հարցման համաձայն՝ երկրի բնակիչների գրեթե կեսը կողմ է Ուկրաինային տրամադրվող ֆինանսական, ռազմական և մարդասիրական օգնության կրճատմանը կամ ամբողջությամբ դադարեցմանը։ Հարցումն անցկացվել է YouGov-ի կողմից նոյեմբերի 13-16-ը՝ Welt am Sonntag թերթի պատվերով։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ գերմանացիների 25%-ը գտնում է, որ Բեռլինը պետք է ամբողջությամբ դադարեցնի Կիևին տրամադրվող աջակցությունը, մինչդեռ հարցվածների ևս 24%-ը կողմ է օգնության ծավալների կրճատմանը։
Միևնույն ժամանակ, հարցվածների 30%-ը նախընտրում է պահպանել աջակցության ներկայիս մակարդակը, իսկ 9%-ը կարծում է, որ այն պետք է ավելացվի։ Հարցման մասնակիցների ևս 11%-ը չի կարողացել հստակ դիրքորոշում հայտնել։
Հարցման արդյունքները հրապարակվել են Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերի համատեքստում։ Այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպել է Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցների հետ, որոնք ընդգրկված են այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայում»։ Հանդիպման հիմնական նպատակն էր պահպանել եվրոպական երկրների միասնական դիրքորոշումը՝ խաղաղ կարգավորման շուրջ ընթացող քննարկումների ընթացքում։