Ցուրտ միջավայրից տաք ջրի ազդեցության տակ հայտնվելը կարող է առաջացնել գլխապտույտ, թուլություն և լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել սրտանոթային համակարգի համար։ Ուստի, ցրտից վերադառնալուց անմիջապես հետո խորհուրդ չի տրվում շատ տաք ցնցուղ կամ լոգանք ընդունել։ Վերականգնողական բժշկության մասնագետ, նյարդաբան Ալեքսեյ Մամատովը նոյեմբերի 21-ին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչպես կարելի է անվտանգ տաքանալ։
Մասնագետի խոսքով՝ երբ մարմինը երկար ժամանակ գտնվում է ցրտի ազդեցության տակ, այն գործի է դնում ջերմությունը պահպանելու մեխանիզմներ։ Ծայրամասային արյունատար անոթները նեղանում են, արյան հոսքի բաշխումը փոխվում է, իսկ մկանները կարող են լարվել կամ սկսել դողալ։ Տաք միջավայր վերադառնալիս օրգանիզմը աստիճանաբար հարմարվում է նոր պայմաններին։
«Սակայն, եթե մարմինն անմիջապես ենթարկվում է շատ տաք ջրի ազդեցությանը, արյունատար անոթները կարող են կտրուկ լայնանալ։ Որոշ մարդկանց մոտ դա կարող է հանգեցնել զարկերակային ճնշման անկման, թուլության և գլխապտույտի», — պարզաբանել է փորձագետը։
Սրտանոթային հիվանդություններ, ցածր զարկերակային ճնշում կամ ջերմակարգավորման խնդիրներ ունեցող անձինք պետք է հատկապես զգույշ լինեն ջրի ջերմաստիճանի հարցում։ Անցանկալի ախտանիշները կարող են սրվել նաև այն դեպքում, եթե մարդը խիստ մրսած է, հյուծված կամ ջրազրկված։
Ցրտից հետո անվտանգ տաքանալու համար բժիշկը խորհուրդ է տալիս նախ հանել սառը, խոնավ հագուստը, հագնել չոր հագուստ և որոշ ժամանակ մնալ տաք սենյակում։ Կարելի է նաև տաք, ոչ ալկոհոլային ըմպելիք օգտագործել։ Եթե ցանկանում եք ցնցուղ ընդունել, ապա ավելի լավ է ընտրել հարմարավետ ջերմաստիճան՝ խուսափելով հնարավորինս տաք ջրից։