Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Շվեյցարիայում բանավեճ է ծավալվում երկրի չեզոք կարգավիճակի պահպանման շուրջ։ Ըստ Bloomberg-ի՝ երկրում վերջերս տարաձայնություններ են առաջացել «Ռազմական նյութերի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների կապակցությամբ, որոնք միտված են թուլացնելու շվեյցարական արտադրության զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման սահմանափակումները։
Օրենսդրական առաջարկվող փոփոխությունները կվերացնեն այն պահանջը, ըստ որի՝ Շվեյցարիան պետք է թույլտվություն տա իր ռազմական արտադրանքը երրորդ երկրներ վերաարտահանելու համար։
Օրենսդրությունը սահմանում է «գործընկեր պետություններ» հասկացությունը, որոնց թույլ կտրվի ձեռք բերել շվեյցարական զինատեսակներ նույնիսկ ակտիվ ռազմական հակամարտության ընթացքում։
Այս փոփոխությունները վիճարկվել են, ինչը հանգեցրել է հանրաքվեի նշանակմանը։ Քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 29-ին, և ակնկալվում է, որ այն բավականին լարված կանցնի։ Ինչպես նշել են լրատվամիջոցները, այս հարցը հակադրում է շվեյցարական ազգային ինքնության հիմնարար սկզբունքներից մեկը՝ տեղական ռազմարդյունաբերությունը զարգացնելու և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն ավելացնելու կոչերին։
Ըստ տարբեր աղբյուրների՝ թե՛ պաշտպանական արդյունաբերությունը, թե՛ կառավարությունը պաշտպանում են այդ փոփոխությունները։ Սակայն ընդդիմախոսները պնդում են, որ նման քայլը կհանգեցնի նրան, որ Շվեյցարիան կկորցնի վերահսկողությունն իր զենքերի վերջնական նշանակման վայրի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ շվեյցարական արտադրության զենքերը հայտնվեն, օրինակ, ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում։
Սեպտեմբերի 27-ին Շվեյցարիայում հանրաքվե էր անցկացվել, որի ընթացքում երկրի բնակիչները մերժել էին սահմանադրության մեջ չեզոքության ավելի խիստ ձև ամրագրելու նախաձեռնությունը։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը հայտարարել էր, որ այս առաջարկի մերժումը չի նշանակում հրաժարում բուն չեզոքությունից։ Հուլիսի վերջին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ընդգծել էր, որ շվեյցարական չեզոքությունն արդեն անցյալում է, քանի որ երկիրը ներգրավվել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ռազմական նախապատրաստություններում։