Հայկական կինոն՝ Սան Ֆրանցիսկոյում. մեկնարկել է Golden Gate հայկական կինոփառատոնը

Նոյեմբերի 20-ին Սան Ֆրանցիսկոյի պատմական Vogue կինոթատրոնում բացվել է «Ոսկե դարպասներ» հայկական կինոփառատոնը (Golden Gate Armenian Film Festival – GGAFF), որի ընթացքում կներկայացվեն բարձր գնահատականի արժանացած ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Վենետիկի, Լոկառնոյի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոներում։ Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և Կանադայում արտադրված վավերագրական, խաղարկային, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերն արծարծում են աշխարհասփյուռ հայերի կյանքին վերաբերող թեմաներ։

Փառատոնի մրցանակները հայկական տուֆից քանդակել է լիբանանահայ հայտնի արվեստագետ Նարինե Փոլադյանը։ Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերի թվում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական խորհրդատու Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնի բոլոր երեք օրերի ընթացքում նա կներկայացնի ընտրված ֆիլմերը և կիսվի իր կինոփորձառությամբ։

Հավելենք, որ հանդիսատեսը կվայելի Հայաստանի և Սփյուռքի հայ ռեժիսորների 2025-2026 թվականների լավագույն ֆիլմերը՝ մասնավորապես՝ Ռոբեր Գեդիկյանի «Կինն այսօր», Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», Մառլեն Էդոյանի A fire there, Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին», ինչպես նաև Կոմս Շահբազյանի «Այստեղ՝ այլուր» ֆիլմերը։ Հիշեցնենք, որ Կոմս Շահբազյանի ֆիլմը 2023 թվականին Արցախի էթնիկ զտման թեմայով է։

Golden Gate Armenian Film Festival-ը կտևի մինչև նոյեմբերի 22-ը։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment