Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները

Քաղաքականություն

21.11.2026 | 13:06

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Բուխարեստի ֆորումի շրջանակում մասնակցել է տարածաշրջանային կապակցվածությանն ու ռազմավարական կախվածություններին նվիրված պանելային քննարկմանը։ Նա ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված տնտեսական հնարավորությունները և անդրադարձել TRIPP նախագծին, հաղորդակցուղիների ապաշրջափակմանն ու Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Բուխարեստի ֆորումի շրջանակում մասնակցել է «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը։

Դավիթ Կարապետյանը պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով։ Կարապետյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողություններին և տնտեսական հնարավորություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման, հաղորդակցուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական գործակցության ընդլայնման համատեքսում: Եվրոպական կապակցվածության, ենթակառուցվածքների և ռազմավարական ընտրության հնարավորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծին, նաև Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման, միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնման և տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացներում առավել ակտիվ ներգրավվածության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Սթիվ Ֆայնբերգը, Մատակարարման շղթաների կառավարման հունական ասոցացիայի (GASCM) և Սալոնիկի նավահանգստի ներկայացուցիչ Դիմիտրիոս Ցիցամիսը, Global Vision-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սորին Միհայ Պրեդան։

Leave a comment