Զելենսկի․ Կիևի համար Պուտինը թշնամի է և մարդասպան (PAN.am)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն է որոշում, թե ինչպես անվանելՌԴ նախագահին, սակայն Կիևի համար Վլադիմիր Պուտինը թշնամի է և մարդասպան:

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ողջունել է «իմ ընկեր» խոսքերով, ինչը միջազգային արձագանք է առաջացրել։

«Նախագահ Թրամփն ինքն է որոշում, թե ինչպես անվանել Պուտինին։ Եվ, իհարկե, մեզ համար նա թշնամի է։ Եվ, իհարկե, մեզ համար նա մարդասպան է։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում մարդկանց մեծամասնության համար նույնպես նա մարդասպան է, որովհետև սպանում է։ Ի դեպ, նա սպանում է ամեն օր և ամեն գիշեր»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահը, գրում է Deutsche Welle-ն:

Զելենսկին շեշտել է, որ Ռուսաստանի նախագահին պատասխանատու է համարում ոչ միայն ուկրաինացի զինծառայողների, այլև խաղաղ բնակիչների սպանությունների համար։

Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած լայնածավալ պատերազմում ռազմական գործողությունների ընթացքին։ Ուկրաինայի նախագահի գնահատմամբ՝ ընթացիկ տարում ռուսական ուժերը չեն կարողացել նշանակալի հաջողությունների հասնել մարտադաշտում։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը ձախողել է երկու հարձակողական գործողություն, ինչից հետո ակտիվացրել է հարվածները քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների նկատմամբ։

«Եվ հենց այդ պատճառով նրանք որոշել են սպանել խաղաղ բնակիչներին, զանգվածաբար հարվածել մեր ենթակառուցվածքներին, կենսական նշանակության ենթակառուցվածքներին, բոլոր կամուրջներին, բոլոր երկաթուղային կայարաններին։ Եվ մնացած ամեն ինչին՝ դպրոցներին, եկեղեցիներին»,– ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Պուտինի նկատմամբ միջազգային առաջնորդների որոշ արտահայտություններ կարող են նպաստել նրա անպատժելիության զգացման ամրապնդմանը։

Զելենսկիի կարծիքով՝ երբ Ռուսաստանի նախագահին ներկայացնում են որպես գործընկեր, ընկեր կամ նմանատիպ հարաբերությունների մասնակից, նա չի զգում, որ մարդասպան է, և իր գործողությունների համար բավարար ճնշման չի ենթարկվում։

«Նա բավարար ճնշում չի զգում։ Չգիտեմ՝ դա նրա համար կարմիր լո՞ւյս է, թե կանաչ լույս՝ շարունակելու համար, բայց դա նրան չի կանգնեցնում։ Այդ պատճառով էլ նա զգում է, որ կարող է շարունակել»,– CNN-ի եթերում պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։

Նրա գնահատմամբ՝ նման վերաբերմունքը չի ստիպում Ռուսաստանի ղեկավարին վերանայել իր գործողությունները և դադարեցնել պատերազմը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես անդրադարձել է Պուտինի հասցեին Թրամփի «իմ ընկեր» արտահայտությանը՝ մեկնաբանելով այն հետևյալ կերպ․ «Աստված մեզ պահապանի նման ընկերներից»։

ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումից առաջ Թրամփը հայտարարել է, որ նախատեսվող բանակցությունները պատմական նշանակություն կունենան։

ԱՄՆ նախագահը հանդիպման մասին խոսելիս նշել է, որ այն «կմտնի պատմության մեջ», իսկ բանակցությունների ավարտից հետո արդյունքները գնահատել է դրական՝ հայտարարելով, որ հանդիպումը «գերազանց է անցել»։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նույնպես կարևորել է բանակցությունները՝ ընդգծելով, որ տեղի ունեցած իրադարձությունը «պատմական նշանակություն ունի»։

Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է, որ երեք պետությունները մի շարք ընդհանուր շահեր ունեն, մասնավորապես՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցերում։ Ռուսաստանի նախագահի ձևակերպմամբ՝ կողմերն ունեն «բազմաթիվ համընկնող շահեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության»։

Նոյեմբերի 20-ին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև Չինաստանում Պուտինի հետ ունեցած երկկողմ բանակցություններին։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ հանդիպումից հետո համոզվել է՝ Ռուսաստանի ղեկավարը ցանկանում է Ուկրաինայի դեմ պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով։

«Ես երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որը հստակ արտահայտել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտելու իր ցանկությունը։ Ես նաև զրուցել եմ մեր ներկայացուցիչների հետ, որոնք լավ են կատարել իրենց աշխատանքը։ Բայց դա դժվար աշխատանք է»,– CNN-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը կրկին անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ձեռքբերման հիմնական խոչընդոտներին։ Նրա գնահատմամբ՝ բանակցային գործընթացը բարդացնում է Պուտինի և Զելենսկիի միջև գոյություն ունեցող «հսկայական ատելությունը»։

Միաժամանակ Թրամփը Ռուսաստանի նախագահի հետ իր անձնական հարաբերությունները բնութագրել է որպես «հիանալի»։

«Նա կցանկանար ավարտել պատերազմը։ Անկեղծ ասած՝ դա անելը շատ դժվար է»,– մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով Պուտինի և պատերազմի ավարտի հեռանկարների մասին։

Թրամփը լրագրողներին տեղեկացրել է նաև, որ Չինաստանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Պուտինին հարց է ուղղել 2022 թվականին Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու որոշման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը հետաքրքրվել է՝ արդյոք Ռուսաստանի ղեկավարը կսկսեր պատերազմը, եթե այդ ժամանակ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցներ ինքը։

Թրամփի փոխանցմամբ՝ Պուտինը բացասական պատասխան է տվել այդ հարցին՝ հայտարարելով. «Ոչ, դա երբեք տեղի չէր ունենա»։

Leave a comment