Թրամփը սպառնացել է բարձր հարկեր սահմանել արտերկրում տվյալների մշակման կենտրոններ կառուցող ամերիկյան ընկերությունների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ընկերություններին արտերկրում տվյալների մշակման կենտրոններ (ՏՄԿ) կառուցելն արգելելու մտադրության մասին և բարձր հարկերով սպառնացել այն մարդկանց, ովքեր կփորձեն շրջանցել սահմանափակումները։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Նրա խոսքով՝ այս քայլը պետք է կանխի արհեստական բանականության ենթակառուցվածքների տեղափոխումն ԱՄՆ-ից։
«Մենք թույլ չենք տա մեր ընկերություններին տվյալների մշակման կենտրոններ կառուցել մեր երկրի սահմաններից դուրս», — Ասիա կատարած այցից վերադառնալուց հետո Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն թույլ է տվել միկրոսխեմաների արտադրությունն ու այլ ոլորտներ տեղափոխել արտերկիր, ինչը վնաս է հասցրել ամերիկյան տնտեսությանը։ Այժմ Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ, որ նման իրավիճակը կրկնվի արհեստական բանականության ենթակառուցվածքների դեպքում։
«Մենք ահռելի տուգանքներ կսահմանենք այն ընկերությունների նկատմամբ, որոնք կփորձեն դա անել», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ նման ընկերությունները կհարկվեն բարձր դրույքաչափերով։
Առայժմ պարզ չէ, թե վարչակազմն ինչպես է պատրաստվում իրագործել այս նախաձեռնությունը։ Սպիտակ տան ներկայացուցիչը չի պատասխանել լրագրողների՝ մեկնաբանություն ստանալու հարցմանը։ Ինքը՝ Թրամփը, խոստովանել է, որ մինչև հրապարակային հայտարարությունը դեռ չէր քննարկել այս ծրագիրն իր աշխատակիցների հետ։
Նախաձեռնությունը հնչել է տվյալների մշակման խոշոր կենտրոնների կառուցման շուրջ աճող տարաձայնությունների ֆոնին։ Թրամփը հետևողականորեն հանդես է գալիս նման ենթակառուցվածքների ընդլայնման օգտին։
Օգոստոսին նա հայտարարել էր, որ տեղական իշխանությունները պետք է խոչընդոտեն ՏՄԿ-ների կառուցմանը միայն այն դեպքում, եթե ցանկանում են, որ իրենց համայնքները մնան աղքատ ու հետամնաց։
«Պետք է օգտվել տվյալների մշակման կենտրոնների առավելություններից։ Ստիպե՛ք նրանց վճարել ձեզ։ Ստիպե՛ք նրանց ներդրումներ անել ձեր համայնքում, բայց օգտագործե՛ք այդ հնարավորությունները։ Մի՛ փակեք դրանք», — ուրբաթ օրն ասել է ԱՄՆ նախագահը։
ՏՄԿ-ների կառուցման հարցն այս տարի ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում ընտրողների համար ամենակարևորներից մեկն է դարձել։ Նման օբյեկտների տարածումը սահմանափակելու օգտին հանդես եկող թեկնածուները զգալի հաջողությունների են հասել։ Սա ուժեղացրել է ներդրողների մտահոգություններն արհեստական բանականության ոլորտի ընկերությունների հեռանկարների վերաբերյալ։
Ֆինանսական շուկաներում լրացուցիչ անհանգստություն է առաջացրել տեխնոլոգիական հատվածի համար նոր սահմանափակումների հեռանկարը։ Նոյեմբերի 4-ից ի վեր S&P 500 ինդեքսը նվազել է շուրջ 9%-ով։ Անկման վրա ազդել են մի շարք գործոններ, այդ թվում՝ արհեստական բանականության բումի կայունության և տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի հեռանկարների շուրջ մտավախությունները։