ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը գաղտնի հրահանգ է արձակել, որը սահմանափակումներ է մտցնում ԱՄՆ-ի և Կանադայի միջև պաշտպանական համագործակցության մեջ. գրել է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Հրապարակման մեջ մանրամասներ չեն ներկայացվում այս շաբաթ ստորագրված հրահանգի վերաբերյալ։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը պարբերականին հայտնել է, որ գերատեսչությունը «քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու, որ Կանադայի հետ համագործակցությունը նպաստի ԱՄՆ-ի պաշտպանական կոնկրետ նպատակների իրագործմանը և, ի վերջո, աջակցի պաշտպանական հարաբերությունների ամրապնդմանը»։
Նա նշել է, որ Պենտագոնը «առաջնահերթություն է տալիս երկկողմ համագործակցության այն հնարավորություններին, որոնք ամրապնդում են մեր հայրենիքի և մեր ընդհանուր կիսագնդի պաշտպանությունը՝ միաժամանակ աջակցելով Կանադային՝ կատարելու ՆԱՏՕ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները»։
Պաշտոնյան ընդգծել է, որ հրահանգը չի ազդի պաշտպանական բնույթի հետախուզական տվյալների փոխանակման վրա, ինչպես նաև չի փոխի ԱՄՆ-ի և Կանադայի զինված ուժերի համագործակցության ընթացակարգերը ՆԱՏՕ-ի կամ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) շրջանակներում. վերջինիս խնդիրն է պաշտպանել երկու երկրների օդային տարածքն ու ծովային սահմանները։
Պարբերականն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Կանադան տասնամյակներ շարունակ սերտ կապեր են պահպանել և ունեն մոտ 8900 կիլոմետր ձգվող ընդհանուր սահման։ Կանադական ուժերը մարտական գործողությունների ժամանակ ծառայել են ամերիկյան զորքերի կողքին, այդ թվում՝ Աֆղանստանում, որտեղ զոհվել է առնվազն 158 կանադացի զինծառայող, իսկ 2000-ը՝ վիրավորվել։
Կանադան նաև «Հինգ աչքեր» (Five Eyes) կոչվող հետախուզական տվյալների փոխանակման միավորման անդամ է։ Այս կառույցը գործում է արդեն տասնամյակներ շարունակ և ներառում է Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Նոր Զելանդիան և Ավստրալիան։ Ըստ հրապարակման՝ «Հինգ աչքեր»-ի անդամ երկրներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չի հայտարարել տեղեկատվության փոխանակման գործընթացում որևէ փոփոխության մասին, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ամերիկյան իշխանությունները սկսել են ավելի քիչ տեղեկատվություն փոխանակել «տարբեր հարթակներում»։