Գյումրեցի աշակերտը հաղթել է ԱԲ-ի համառուսաստանյան օլիմպիադայում (PAN.am)

Հայաստանը ներկայացնող Գուրգեն Բայբուրդյանը հաղթող է ճանաչվել Մոսկվայում անցկացված արհեստական բանականության համառուսաստանյան օլիմպիադայում:

Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտը կարողացել է առաջ անցնել Ռուսաստանը և այլ երկրներ ներկայացնող մրցակիցներից՝ արժանանալով մրցույթի գլխավոր մրցանակին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Շնորհակալություն ընտանիքիս, ընկերներիս և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ։ Երբ հայտարարեցին երկրորդ տեղը, մտածեցի՝ վերջ, ես մրցանակակիր չդարձա։ Դա անսպասելի էր»,- ասել է Բայբուրդյանը պարգևատրման արարողության ժամանակ։

Հայաստանցի մասնակիցն ուժերը չափել է Ղազախստանի, Կիպրոսի և Բելառուսի ներկայացուցիչների հետ «Միջազգային թրեք» անվանակարգում։

16-ամյա պատանին նաև կիսվել է Ռուսաստանից ստացած իր տպավորություններով՝ նշելով, որ այդ երկիր առաջին անգամ է այցելել։

«Ինձ այստեղ շատ դուր եկավ։ Շատ գեղեցիկ է և ժամանակակից»,-նշել է նա։

Արհեստական բանականության օլիմպիադան անցկացվել է 2026 թվականի նոյեմբերի 16-21-ը՝ այս տարի կենտրոնանալով «Տիեզերք» թեմայի վրա։

Գուրգեն Բայբուրդյանը նախկինում ևս հաջողությունների է հասել միջազգային ինտելեկտուալ մրցաշարերում։ Մասնավորապես, 2025 թվականին նա իր ընկերների հետ նվաճել է երկրորդ մրցանակային տեղն Ալմաթիի ֆիզիկամաթեմատիկական միջազգային օլիմպիադայում։

Ամեն տարի անցկացվող մրցույթը համախմբում է հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտներին, ինչպես նաև քոլեջներում սովորող ուսանողներին։

Leave a comment