Վկան հաստատեց մի կարևոր հանգամանք, որը վարույթն իրականացնող մարմինը փորձել է ամեն կերպ նենգափոխել և այլ կերպ ներկայացնել. Սամվել Կարապետյանի պաշտպան

«Արվել է ամեն ինչ, բոլոր տեսակի միջոցները ձեռնարկվել են մեղադրական բնույթի, կցկտուր, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ ունենալու համար»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արմեն Ֆերոյանը՝ անդրադառնալով Կարապետյանի գործին։

Նրա խոսքով՝ վկան ուղղակիորեն պնդել և հաստատել է մի կարևոր հանգամանք, որը վարույթն իրականացնող մարմինը փորձել է ամեն կերպ նենգափոխել և այլ կերպ ներկայացնել։

Մասնավորապես, ըստ Ֆերոյանի, վկան նշել է, որ տեղի է ունեցել պարտավորությունների զիջում, ինչի արդյունքում բանկի ունեցած իրավունքները սկզբում փոխանցվել են Արցախի կառավարությանը, ապա՝ Արցախի ներդրումային հիմնադրամին։ Մինչդեռ, ըստ պաշտպանի, վարույթն իրականացնող մարմինը պնդում է, որ տեղի է ունեցել ոչ թե պարտավորությունների զիջում, այլ ներում։

Ֆերոյանի խոսքով՝ իրենք ունեն Արցախի կառավարության որոշումներ, պայմանագրեր և այլ փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն վկայում են պարտավորությունների զիջման մասին։

«Ասում են՝ ոչ, սա ներում է, հետևաբար դիտում ենք սա որպես ներում, իսկ եթե ներում է, ուրեմն առաջանում էր հարկ, այն չէին վճարել, տարել X տեղ են ծախսել, ու առաջացել է փողերի լվացում։

Այս գործով իրավաբանական գործընթացը մինիմալի է հասցված։ Ընդամենը պետք էր պարզել՝ պարտավորությունների զիջո՞ւմ է եղել, թե՞ պարտավորությունների ներում։ Բոլոր փաստաթղթերով պարզ է, որ տեղի է ունեցել պարտավորությունների զիջում, հետևաբար չէր կարող հարկ առաջանալ։ Չառաջացած հարկն էլ նորմալ է, որ մարդիկ X տեղ ծախսել կամ օգտագործել են։ Գտնում ենք, որ այս գործը ծայրահեղ քաղաքականացված է»,- ասաց պաշտպանը։

Ֆերոյանի խոսքով՝ Կարապետյանին մեղսագրվում է, թե իբր նա կազմակերպել է այդ անձանց գործողությունները, մինչդեռ, ըստ պաշտպանի, դրա վերաբերյալ ևս որևէ ցուցմունք, փաստաթուղթ կամ ապացույց գոյություն չունի։

Հիշեցնենք, որ Սամվել Սարգսի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 1.84 մլրդ դրամի հարկեր վճարելուց խուսափելը կազմակերպելու, ինչպես նաև մի շարք ընկերությունների միջոցով շուրջ 4.97 մլրդ դրամ հափշտակություն կազմակերպելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Բացի այդ, Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել «Ստրոյպրոյեկտ» ՓԲ ընկերության տնօրենների հետ նախնական համաձայնությամբ հանցավոր ծագում ունեցող և օրինական գործունեությամբ չհիմնավորվող առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment