Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել նաև Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի կալանավորումը։ Այս մասին ասվում է ադրբեջանական անկախ Meydan TV-ի անդրադարձում։

Politico-ի լրագրող Հանս ֆոն դեր Բուրխարդը Բաքվում Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալի Քերիմլիի մասին հարց է ուղղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Նա պատասխանել է, որ ընդդիմության ներկայացուցիչ լինելը ոչ մեկին չի ազատում իրավական պատասխանատվությունից։

«Նրա նկատմամբ այժմ հետաքննություն է ընթանում։ Իրավական պետություն ունեցող ցանկացած երկրում մարդիկ պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար օրենքի առջև։ Ես կարծում եմ, որ դատարանի վերջնական որոշումը կպարզաբանի բոլոր հարցերը»,- ասել է նախարարը։

Հարավային Կովկաս Վադեֆուլի այցի մասին Politico-ի հոդվածում Ալի Քերիմլիի կալանավորումը նշվել է որպես այցի զգայուն պահերից մեկը՝ Ադրբեջանի՝ որպես Գերմանիայի էներգետիկ գործընկերոջ կարևորության հետ մեկտեղ։ Նշվում է, որ Ադրբեջանը Գերմանիայի կարևոր առևտրային գործընկերն ու էներգամատակարարն է։ Այս տարվա սկզբից Գերմանիա բնական գազ է մատակարարվում Ադրբեջանից։

Սակայն Politico-ն գրում է, որ Ադրբեջանին վերաբերող մի շարք հարցեր բարդացնում են Վադեֆուլի այցը: Պարբերականը նշում է, որ նախագահ Իլհամ Ալիևը երկիրը կառավարել է կոշտ, ավտորիտար կառավարման ոճով 23 տարի: Հոդվածում նաև նշվում է, որ ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլին բանտում է անցյալ տարվա նոյեմբերից, նրա դատավարությունն անցկացվում է փակ դռների հետևում:

Ուշադրությունը գրավող մեկ այլ խնդիր է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության՝ BND-ի շուրջ սկանդալը: Նշվում է, որ դրա նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգը կասկածվում է Ադրբեջանին գաղտնի կերպով ձեռք բերված հետախուզական տեղեկատվություն փոխանցելու մեջ:

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, այդ թվում՝ Ղարաբաղի հարցին։ Politico-ն գրում է, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականներին երկու ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանից «վերադարձրել է Ղարաբաղի տարածաշրջանը»։ Նշվում է, որ  Հայաստանում մտահոգություն կա, որ Ադրբեջանը կարող է ավելի առաջ շարժվել։

Հոդվածում նշվում է, որ Վադֆուլի այցի նպատակներից մեկը Դոնալդ Թրամփի հովանու ներքո անցյալ տարի բանակցված խաղաղության համաձայնագրի իրականացումն ապահովելն է։ Այցելությունից առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Հարավային Կովկասը գտնվում է շրջադարձային կետում, և որ պատմական հնարավորություն է ստեղծվել վերջ դնելու տասնամյակների պատերազմին, բռնությանը և տեղահանությանը։

Վադեֆուլի ուղևորության հաջորդ կանգառը Հայաստանն էր: Politico-ի փոխանցմամբ՝ նախարարը շեշտել է, որ Եվրոպայի հետ երկրի մերձեցման վերաբերյալ որոշումները չպետք է կայացվեն Մոսկվայում: Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում պետությունների եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում իր ապագան։

Հավելենք, որ Ալի Քերիմլին ձերբակալվել է Պետական ​​անվտանգության ծառայության կողմից 2025 թվականի նոյեմբերի 29-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 278.1 հոդվածի համաձայն՝ իշխանությունը բռնի զավթելու և սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողությունների համար։

Քերիմլին հերքում է մեղադրանքները և իր ձերբակալությունը կապում է իր քաղաքական գործունեության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment