Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 7-ին դատապարտյալներից մեկը մեծ իրարանցում է սկսել Արթիկ քրեակատարողական հիմնարկում։
Կարանտինային բաժանմունքում գտնվող 60-ամյա դատապարտյալներից մեկը, որը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողության (177 հոդվածի 1-ին մասով), սուտ մատնության (333 հոդվածի 1-ին մասով) և թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր հափշտակելու (397 հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով, իր կացարանում բարձր երաժշտություն է միացրել ու, չենթարկվելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական պահանջին, սկսել է բղավել, աղմկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել քրեակատարողականի ծառայակիցների հասցեին։
Նա միաժամանակ սպառնացել է ազատվելուց հետո հաշվեհարդար տեսնել նրանց հետ։
Տևական ժամանակ խաթարվել է քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը, տվյալ մասնաշենքում գտնվող դատապարտյալների անդորրը։
Արթիկի և Անիի քննչական բաժնում նոյեմբերի 10-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 194 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ այն է՝ «Հոգեկան ներգործությունը» և 297 հոդվածի 1-ին մասի՝ «Խուլիգանության» հատկանիշներով։
Ի դեպ, դատապարտյալը Արթիկ քրեակատարողական հիմնարկում է 2025 թվականի հուլիսից, նա Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: