Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը խորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, նոր Սահմանադրության շուրջ ստեղծված քննարկումն ու հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը համարում է մեկ ընդհանուր շղթայի մաս: Factor TV-ի եթերում խոսելով սահմանադրական հանրաքվեի նախաձեռնության և դրան ընդդիմության կոշտ արձագանքի մասին՝ Արսեն Թորոսյանը ընդգծում է, որ ընդդիմադիրները խուսափում են իշխանություն վերցնելուց։

«Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ»,- նշում է նա՝ հավելելով, որ այսօր «Նիկոլ Փաշինյանը զոհասեղանին է դնում վարչապետի պաշտոնը՝ հանուն խաղաղության, իսկ ընդդիմությունը մերժում է դա»։

Ըստ Թորոսյանի՝ ընդդիմությունն այժմ հայտնվել է անելանելի վիճակում։ «Ընդդիմությունը ցուգցվանգի մեջ է՝ մեզ հեռացնելու խոստումը չի պահում, արտահերթով՝ չի կարողանալու ԱԺ անցնել»,- վստահեցնում է պատգամավորը։ Նա հստակ նախազգուշացնում է քաղաքական հակառակորդներին իրենց սպասվող ապագայի մասին. «Ընդդիմությանն արտահերթ ընտրություններով կուղարկենք իրենց գործերին, կգնանք սահմանադրական հանրաքվեի, եթե դեմ քվեարկեն»։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտից հնչող մեղադրանքներին, թե իշխանությունը պատրաստվում է կեղծել հանրաքվեի արդյունքները, Թորոսյանը հեգնում է. «Քեշ փողով քվեներ առած կաշառատուները մեղադրում են մեզ, որ կկեղծենք սահմանադրական հանրավքեն, եփած հավի ծիծաղը կգա»։

Իշխանական պատգամավորը կտրականապես հերքում է այն թեզը, թե Մայր օրենքը փոխվում է Բաքվի պարտադրանքով: Նա ընդգծում է, որ փաստաթուղթը գրվում է բացառապես Հայաստանի շահերից ելնելով: «Սահմանադրությունը մեր մասին է, չպետք է ունենա տարածքային հավակնություն որևէ հարևանի նկատմամբ, դա գրվում է Սահմանադրությունում, հրապարակվի՝ կտեսնեք»,- վստահեցնում է Թորոսյանը:

Բացատրելով, թե ինչու է ընդդիմությունն այսքան կոշտ դիմադրում այս գործընթացին, պատգամավորը մատնանշում է նրանց դրդապատճառները. «Ընդդիմությանը և իր ստնտուներին կոնֆլիկտ է պետք Ադրբեջանի հետ, թե չէ՝ հանրաքվեի կգնան, կատաղի պայքարելու «ալիևյան սահմանադրության» դեմ։ Իրենք ստում են, գիտեն, որ սահմանադրությունն ալիևյան չէ, մեր պետականության և խաղաղության համար է, ու դեմ են դրան»։

Նրա համոզմամբ՝ ընդդիմադիրները չեն կարող ուղիղ տեքստով խոստովանել իրենց նպատակները, քանի որ «ընդդիմությունը կոչնչանա, եթե ասի դեմ է խաղաղությանը»։ Դրա փոխարեն, ըստ Թորոսյանի, նրանք «ուզում են՝ ՀՀ-ն կիսակործանված վասալի կարգավիճակում մնա, դրա համար էլ ընդդիմանում են հանրաքվեին»։

Խոսելով արտաքին անվտանգային միջավայրի և հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին՝ Արսեն Թորոսյանը քննադատություն է հնչեցնում Մոսկվայի հասցեին: Պատասխանելով ռուսական կողմից հնչող մեղադրանքներին՝ նա հիշեցնում է վերջին տարիների անվտանգային ձախողումները։

Պատգամավորը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է նոր տնտեսական լծակներ կիրառել Հայաստանի նկատմամբ, սակայն շեշտում է, որ պետությունը պետք է դիմանա այդ ճնշումներին՝ հանուն ինքնիշխանության: «Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք»,- վստահեցնում է նա՝ հավելելով ամենակարևոր հարցադրումը, որի առաջ կանգնած է Հայաստանը,- «պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք, թե՝ ոչ»։

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment