Քաղաքականություն
20.11.2026 | 21:11
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հարվածի ժամանակ ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման միջադեպը, գրում է Meduza-ն։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ է անօդաչու թռչող սարքեր և մի քանի փոքր հրթիռ արձակել»։
Նոյեմբերի 20-ին՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Լեհաստանի երկու սահմանամերձ վոյևոդություններում՝ Լյուբլինում և Անդրկարպատում, օդային տագնապ է հայտարարվել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ իրականացվող լայնածավալ հարձակման ֆոնին։ Ավելի ուշ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ երկրի տարածքում ընկել է ռուսական երեք օբյեկտ՝ երկու հրթիռ և ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարք։ Նա նշել է, որ «ամսաթիվը պատահական չի ընտրվել», քանի որ նույն օրն անցկացվում էին «կամավորների կոալիցիայի» զորավարժությունները։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի օդային տարածքի խախտման կապակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նախարարների, Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչների և հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։
Տուսկը հայտարարել է, որ «դա պատահականություն չի երևում»։ Նա ենթադրել է, որ Լեհաստանի օդային տարածք ներխուժումը միտումնավոր սադրանք է եղել, և միջադեպը նույնպես կապել է մոտակայքում՝ լեհ զինվորականների աջակցությամբ անցկացվող «կամավորների կոալիցիայի» զորավարժությունների հետ։
«Մենք հստակ գիտենք, որ այն, ինչ ընկել է լեհական հողում, եկել է Ռուսաստանից»,- ասել է Տուսկը՝ հավելելով, որ դա ոչ միայն իր գնահատականն է, այլև արտասահմանյան գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի