Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը և հայ-ռուսական հարաբերությունների լարված ֆոնը պայմանավորված են մի շարք աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործոններով: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ Բաքուն և Մոսկվան այս փուլում առաջնորդվում են ժամանակ շահելու և կտրուկ ճգնաժամերից խուսափելու մարտավարությամբ։
Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող հանգամանքներին՝ փորձագետն արձանագրում է, որ Բաքվի պահանջները մանիպուլյատիվ բնույթ են կրում։ Նրա խոսքով՝ այս պահին Ադրբեջանը փորձում է ամեն գնով հետաձգել փաստաթղթի ստորագրումը՝ այն կապելով բացառապես ՀՀ Սահմանադրության հետ։ «Ադրբեջանն այլ պայման չունի Խաղաղության պայմանագիր ստորագրելու, քան Սահմանադրություն փոխելն է»,- նշում է վերլուծաբանը։
Այնուամենայնիվ, եթե Երևանը գնա այդ քայլին, Բաքուն կկորցնի խուսանավելու հնարավորությունը։ Ըստ Պետրոսյանի՝ «Ադրբեջանը փաստի առաջ կկանգնի, եթե ՀՀ-ն փոխի Սահմանադրությունը, նա հարկադրված կլինի ստորագրել պայմանագիրը»։
Միևնույն ժամանակ, փորձագետը շեշտում է, որ ՀՀ Սահմանադրության թեման ընդամենը արհեստական արգելք է․ «Ադրբեջանն այսօր չի ուզում ստորագրել Խաղաղության պայմանագիր, ԹՐԻՓՓ-ի իրագործումն ավելի կարևոր է,- փաստում է բանախոսը՝ հավելելով,- Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա, իսկ Սահմանադրությունը պատրվակ է»։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարդ շրջափուլի մասին՝ Արմեն Պետրոսյանը նկատում է, որ Մոսկվայի հիմնական նպատակը Երևանին իր վերահսկողության տիրույթում պահելն է, սակայն՝ առանց անդառնալի կորուստների և կոշտ էսկալացիայի։
«ՌԴ-ն խնդիր է դրել՝ ՀՀ-ին պահել իր ուղեգծում, բայց իրեն ճգնաժամ պետք չէ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դնելով կամ գազը թանկացնելով»,- վերլուծում է փորձագետը։
Այս զգուշավորությունը պայմանավորված է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերով։ Ըստ Պետրոսյանի՝ «ՌԴ-ն պատրաստ չէ ՀՀ-ի հետ նոր ճգնաժամի, քանի որ սա իր հակառակորդների համար տեղ կբացի»՝ տարածաշրջանում առավել ակտիվանալու համար։ Հենց այս տրամաբանությամբ էլ, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին և ընդդիմության կոշտ դիրքավորմանը, վերլուծաբանն ընդգծում է. «ՌԴ-ն ակնհայտ աջակցեց ՀՀ-ի ռուսամետ ուժերին… բայց վա-բանկ չգնաց»։
Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացներին ու դրա շուրջ օրենսդրական նախաձեռնություններին, փորձագետը վստահ է, որ դա Մոսկվայի կողմից օգտագործվում է զուտ որպես մանիպուլյատիվ գործիք։ «ՌԴ-ն ԵՄ գնալու օրենքը ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու պատրվակ է դարձնում, նա լավ գիտի՝ գործընթացը հեռանկարային չէ»,- ասում է նա։
Ամփոփելով հայ-ռուսական բարձրագույն մակարդակի սպասվող շփումները՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջիկա երեք հանդիպումներին, Արմեն Պետրոսյանը կանխատեսում է, որ դրանք կրելու են պրագմատիկ բնույթ՝ կրկին ուղղված հարաբերությունների կառավարմանը։ «Փաշինյան-Պուտին բանակցությունը կարևոր կլինի, բայց այն միտված կլինի ժամանակ շահելուն՝ որպեսզի ոլորտային հանձնաժողովներ աշխատեն ու լուծումների գնան»,- եզրափակում է փորձագետը։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան