«Դրանք իրավական գործընթացներ են, որոնց մեկնաբանության վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին։ Եթե ձեր հարցն այն մասին է, թե ինչո՞ւ եք փորձում ամեն կերպ խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը, մեր իշխանության օրոք ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Եվ եթե կա իրավական պրոցես հարուցելու անհրաժեշտություն, այդ պրոցեսը պետք է հարուցվի՝ անկախ քաղաքացու կարգավիճակից»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վեհափառի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը։
Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո սա ուղիղ հրահա՞նգ չէր՝ ուղղված իրավապահ մարմիններին, ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ականները չպատասխանեցին։
Լրագրողները նաեւ հարց ուղղեցին՝ կա՞ն փաստեր, որ Էջմիածնի գանձերը փորձում են ՀՀ-ից դուրս հանել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, եւ եթե այդ փաստերը կան, ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացնում։
Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան ասաց․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ վարչապետի արած որեւէ հայտարարութուն չի կարող իր տակ չունենալ հիմնավորումներ։ Եվ եթե մեր կողմից հնչել է հայտարարություն, որ վեհարանի հոգեւոր բարձրաստիճան ներկայացուցիչների մի շրջանակ փորձում է կաթողիկոսությունը տեղափոխել ՀՀ-ից դուրս՝ Էջմիածնի գանձերն էլ հետը, ուրեմն մենք դրա վերաբերյալ ունենք հիմնավոր տեղեկություն։ Արդյոք այդ տեղեկություններն այնքան են հասունացել, որ պետք է վերածվեն քրեական գործի կամ իրավական հետապնդման, այս հարցի պատասխանը ես այս պահին չունեմ, այդ հարցի պատասխանը կստանանք, երբ իրականության մեջ նման բան տեղի կունենա։ Բայց կան հիմնավորումներ, էն էլ ինչ հիմնավորումներ կան»։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով «խաղաղության խաչմերուկի» մասին հարցին՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւն ասել էր․ «Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկին», ինչպես գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա գործարկեց TRIPP-ը, ուստի երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերսկսի ձեր «Խաղաղության խաչմերուկը»։
Հարցին, թե արդյոք Ալիեւի այդ հայտարարությունը չի փաստո՞ւմ, որ հայկական կողմի ամբողջական ապաշրջափակման հարցը չի լուծվելու, ՔՊ խմբակցության քարտուղարը պատասխանեց․ «ՀՀ ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է, ՀՀ-ն խաղաղության խաչմերուկի վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ստորագրված փաստաթղթեր ներդրումների վերաբերյալ։ Ես Ալիեւի խոսքը չեմ ուզում մեկնաբանել, ես մեկանաբանում եմ մեր գործողություններն այն մասին, որ ՀՀ-ն ապաշրջափակվելու է, արդեն ապաշրջափակվել է որոշ չափով։ Ապաշրջափակման գործընթացին որեւէ բան չի խոչընդոտելու»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: