ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են պահպանել իրենց արդիականությունը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ կողմերից որևէ մեկը հետ չի կանչել այդ պայմանավորվածությունների ներքո դրված իր ստորագրությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք, իհարկե, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությանը։ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան»,– հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է 2020 թվականին՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այդ ժամանակից ի վեր Մոսկվայի ակտիվ ներգրավմամբ հաջողվել է նշանակալի արդյունքների հասնել։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է համագործակցության առանցքային ուղղություններն ընդգրկող ճանապարհային քարտեզ։
Այն ներառել է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների հաստատումը՝ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով։
Զախարովայի խոսքով՝ ներկայում Երևանն ու Բաքուն նախընտրում են անմիջականորեն երկխոսել միմյանց հետ, և ռուսական կողմը հարգում է այդ ընտրությունը։
2020 թվականից գործել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումների եռակողմ ձևաչափը։ Այդ ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է 2022 թվականին։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր։