Ավելի քան 285,000 կանադացի ստորագրել է Համայնքների պալատին ուղղված էլեկտրոնային խնդրագիր՝ պահանջելով ԱՄՆ դեսպան Փիթ Հուկստրային հայտարարել «անցանկալի անձ» (*persona non grata*) և հետ կանչել նրան։
Այս տվյալները հրապարակվել են խորհրդարանի ստորին պալատի կայքում։
Խնդրագրի հեղինակները կոչ են անում Միացյալ Նահանգներին արձագանքել Հուկստրայի կողմից Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի պարբերական խախտումներին, ինչպես նաև պահանջում են հետաքննել Կանադայի ներքին գործերին ամերիկյան միջամտության դեպքերը։
Փաստաթղթում նշվում է, որ Հուկստրան Կանադայի 2025 թվականի ընտրարշավը որակել է որպես «հակաամերիկյան», նվազեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Կանադան որպես «51-րդ նահանգ» բռնակցելու սպառնալիքների լրջությունը, նաև մեղադրել է Օտտավային ԱՄՆ ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ։
Ինչպես հայտնել է «CTV News»-ը, ստորագրահավաքը, որը նախաձեռնել էր Կանադայի Կանաչների կուսակցությունից խորհրդարանի անդամ Էլիզաբեթ Մեյը, անցկացվել է հուլիսի 21-ից նոյեմբերի 18-ը։ Ստորագրությունների թիվը զգալիորեն գերազանցել է խորհրդարանի կողմից խնդրագիրը քննարկման ընդունելու համար պահանջվող 500 ստորագրության շեմը։ Այժմ Մեյը կարող է պաշտոնապես ներկայացնել խնդրագիրը Համայնքների պալատ, ինչից հետո Կանադայի դաշնային կառավարությունը 45 օրացուցային օր կունենա՝ պատասխան տալու համար։