«Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում աջակցել նոր Սահմանադրության ընդունմանը՝ անկախ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկից, թե հանրաքվեի արդյունքներով «այո»-ի դեպքում ինքը չի առաջադրվի վարչապետի պաշտոնում, իսկ «ոչ»-ի դեպքում՝ հրաժարական կտա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է խաղաղության խոչընդոտը ներկայացնել որպես Հայաստանի ընդդիմության դիրքորոշում, մինչդեռ իրական խոչընդոտը, ըստ Գրիգորյանի, Ադրբեջանն է:
Պատգամավորը պնդեց, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղության, ապա Արցախի ամբողջական օկուպացիայից հետո արդեն ստորագրած կլիներ խաղաղության պայմանագիրը։ Անդրադառնալով Փաշինյանի առաջարկին՝ Գրիգորյանն ասաց, որ ընդդիմությունը չի վստահում վարչապետի խոստումներին։
«Իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է։ Եթե մի մարդ ամեն օր գա ձեզ մի բան ասի ու հաջորդ օրը ասի՝ իրավիճակ է փոխվել, այդպես չեմ կարծում: Եթե մի մարդ խրոնիկ ստախոս լինի, դուք այդ մարդու ասածին ո՞նց կվերաբերվեիք»,- ասաց Գրիգորյանը:
Պատգամավորը վերահաստատեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է նոր Սահմանադրության ընդունմանը՝ այն համարելով ադրբեջանական պահանջ։
Նրա գնահատմամբ՝ իշխանության առաջարկը ոչ թե իրական հանրաքվե անցկացնելու, այլ գործընթացը իշխանության վերահսկողության տակ գտնվող կառույցների միջոցով կազմակերպելու փորձ է։
Նշենք, որ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից վերահաստատեց իր առաջարկն ընդդիմությանը: «Առաջարկում եմ` ընդդիմությունն ապահովի 6 ձայնը, և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում Սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ` հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու: Ես բաց եմ պահում այս առաջարկը»,- հայտարարեց վարչապետը:
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան