Ինչո՞ւ է Փաշինյանը ոտուձեռք ընկել ու մե՛կ համոզում, մե՛կ սպառնում ընդդիմությանը. ի՞նչ ռումբ է դրված հանրաքվեի տակ

Ինչո՞ւ է հարկ եղած դեպքում Սահմանադրության դրույթների, օրենքների վրա աչք փակող և դրանք շրջանցող Փաշինյանը ոտուձեռք ընկել Սահմանադրության հանրաքվեի նախագիծն անցկացնելու նպատակով ընդդիմության ձայները ստանալու համար։

Որքան ընդդիմությունն ավելի վճռական է հայտարարում, որ իր անդամներից ոչ մեկի ձայնը չի ավելանալու իշխող խմբակցության ձայներին՝ հանրաքվեի անցկացման համար քվեարկությանը, այնքան ավելի է սաստկանում վարչապետի հիստերիան, և նա ընդդիմությանը կողմ քվեարկելուն պարտադրելու սցենարներ է մտմտում։

Մեկ հայտարարում է, թե հանրային ճնշմամբ դա կպարտադրի ընդդիմությանը, հետո սպառնում, թե բուլդոզերով էլ լինի, ընդդիմությանը ստիպելու է կողմ քվեարկել, հակառակ դեպքում խորհրդարանական երկու խմբակցությունների պատգամավորներին հատ-հատ կհեռացնի Ազգային ժողովից։ Հետո էլ փորձում է սիրաշահել, պայմանավորվել խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ, թե, որպեսզի ինձ հեռացնեք, ձեր ձայները տվեք մեր նախագիծը հաստատելու համար, եթե հանրաքվեին կգերակշռեն դեմ ձայները, կհեռանամ, եթե Սահմանադրությունն ընդունվի հանրաքվեի արդյունքում, նորից խոստանում է հեռանալ խաղաղության գործընթացն ավարտելուց հետո։

Փաշինյանը հայտարարություններով չի սահմանափակվում, նաև գործով է փորձում ճնշում գործադրել ընդդիմության վրա։ Հանրային ճնշում գործադրելու մասին իր հանրահայտ հայտարարությունից հետո նորից ճաղավանդակների հետևում հայտնվեց «Ուժեղ Հայաստանի»՝ տնային կալանքի տակ գտնվող առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Այդուհանդերձ ընդդիմությունը, գոնե այս պահին, անդրդվելի է և չի տրվում Փաշինյանի ոչ՛ խոստումներին, ոչ՛ մեկնած ձեռքին, ոչ՛ սպառնալիքներին և ոչ էլ գործուն ճնշումներից է ընկրկում։

Առնվազն տարակուսելի է, թե ինչն է կաշկանդում Փաշինյանին հակասահմանադրական մի աճպարարությամբ հանրաքվեի մասին նախագիծն անցկացնել միայն խորհրդարանական մեծամասնության ձայներով՝ թող որ ոչ սահմանադրական մեծամասնություն կազմող, բայց այնուամենայնիվ խորհրդարանում ամենամեծ ուժը համարվող։ Հիշենք, որ դեռ նախորդ տարի Սահմանադրությունը փոխելու հնարավորության մասին հարցադրումներին փաշինյանական նախարարները, պատգամավորները չէին բացառում, որ ընդդիմությանը շրջանցելու հնարավորություններ կարող են գտնել Սահմանադրության շրջանակում։ Բայց հիմա պարզվում է, որ նման հնարավորություն չկա, և իշխանություններն այս հարցում ուղղակի կախվածության մեջ են գտնվում ընդդիմադիր մի քանի պատգամավորների ձայնից։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ևս նշում է, որ Փաշինյանի համար օրենք, Սահմանադրություն խախտելը մեկ րոպեի բան է, բայց Սահմանադրության փոփոխության համար նա այդ քայլին չի գնում, քանի որ նրա համոզմամբ՝ Ալիևը նրան արգելում է. «Նա 2020 թվականին հակասահմանադրական եղանակով Սահմանադրություն փոխել է. պետք է հանրաքվեով դա արվեր, բայց նա Ազգային ժողովի միայն խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցության ձայներով դա արեց։ Այնուհետև պետք է Սահմանադրական դատարանի դատին ուղարկեր ԱԺ որոշումը, բայց չուղարկեց։ Քանի որ այն ժամանակ սահմանադրական փոփոխություններն անցկացնելը զուտ ներքին օրակարգ էր, նա իրեն թույլ տվեց շրջանցել սահմանադրական պահանջները»։

«Իսկ հիմա պարտադրված Ալիևի պահանջն է կատարում, իսկ Ալիևը չի համաձայնում այս անգամ ևս Սահմանադրության փոփոխությունն անօրինական ճանապարհով իրականացնել, որպեսզի հետագայում այդ փաստը վիճարկելու պատճառ չլինի։ Ալիևի պահանջն է Սահմանադրությունը հանրաքվեով փոխելը՝ օրինական ճանապարհով. Ալիևը մեզ պարտադրում է մեր երկիրը մեր իսկ ձեռքով՝ նաև ժողովրդի մասնակցությամբ լուծարել, որպեսզի մեր տարածքները զավթելուց հետո լեգիտիմ իրավական հիմք ունենա այդ տարածքների նկատմամբ միջազգային իրավունք ճանաչելու համար»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Ալիևը, Հաջիևը ասում են, որ իրենք չեն ցանկանում այս հարցում Փաշինյանի հետ բանակցել, այլ ցանկանում են հայ ժողովրդի հետ գործընթացն իրականացնել, որպեսզի հայ ժողովուրդն իր ձեռքով իր երկրի լուծարման դատավճիռը տա։

Կհաջողվի՞ արդյոք խորհրդարանական մեծամասնությանը հանրաքվեի պատվերը, ինչպես պնդում են քաղաքական ընդդիմադիրները, կյանքի կոչել և ի՞նչ գնով, ժամանակը ցույց կտա, բայց նրա ցեյթնոտային վիճակն իրոք մտորելու տեղիք է տալիս, թե ի՞նչ ռումբ է դրված հանրաքվե անցկացնելու գործընթացի տակ։

Թագուհի Ասլանյան

Leave a comment