Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, կրկնել է նոր Սահմանադրության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ընդդիմությանն ուղղված իր առաջարկը։
«Ես ընդդիմությանն առաջարկում եմ, որ ապահովի անհրաժեշտ 6 ձայնը։ Այդ դեպքում մենք կգնանք հանրաքվեի։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, այսինքն՝ եթե իմ փաստարկները համոզիչ չթվան մեր հանրությանը, ես հրաժարական կտամ հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Ես նաև պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե ժողովուրդը կողմ քվեարկի Սահմանադրությանը, ապա հաջորդ ընտրություններում՝ լինեն հերթական, թե արտահերթ, ես չեմ առաջադրի իմ թեկնածությունը վարչապետի պաշտոնում», – ասել է կառավարության ղեկավարը։
Միաժամանակ, նա հավելել է, որ ընդդիմությունը, ըստ ամենայնի, չի ընդունի այս առաջարկը։
«Բայց, ամեն դեպքում, ես այն թողնում եմ բաց։ Սա բաց առաջարկ է, և ես ուզում եմ դա դիտարկել այն փաստարկների համատեքստում, որոնք ընդդիմությունը վերջին շրջանում տարբեր առիթներով հնչեցրել է։ Ի՞նչ են իրականում ասում այս մարդիկ։ Այն, որ նրանք ուզում են կասկածի տակ դնել 2026 թվականի հունիսի ընտրությունների արդյունքները», – ասել է Փաշինյանը։