Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի լիագումար նիստում Տարոն Չախոյանն անդրադարձավ ընդդիմության հայտարարություններին՝ քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած սահմանադրական հանրաքվեի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ նրանց դիրքորոշումները։ Չախոյանն անդրադարձավ նաև Նարեկ Կարապետյանի կողմից «ստնտուկ» սխալ բառի գործածությանը, Ղարաբաղյան շարժումը շարունակելու կոչերի և ընդդիմության առաջնորդի՝ Ռուսաստանի քաղաքացիությունից չհրաժարվելու մասին։

Անդրադառնալով ընդդիմության վերջին օրերի հայտարարություններին՝ Չախոյանը հեգնեց Նարեկ Կարապետյանի օգտագործած բառը՝ նշելով, որ ընդդիմադիրները քննարկում են տարբեր հարցեր, սակայն խուսափում են վարչապետի առաջարկած քաղաքական օրակարգին արձագանքելուց։

«Վերջին երկու օրվա ընթացքում մեր ընդդիմությունը խոսում է գրեթե ամեն ինչից… Խոսում են տանձից, խնձորից, բիբարից, բադրջանից ու «ստնտուկներից»: …Հայերենում չկա «ստնտուկ» բառ, հայերենում կա «ստնտու» բառ, որը փաստացի նշանակում է կաթնատու, կաթ տվող: …Պարո՛ն Վարդևանյան, բա մի հատ չեք ասում՝ այ հարգելի՛ պարոն Նարեկ Կարապետյան, էդ խեղճ ստնտուները ի՞նչ են արել, որ իրենց դեմ պայքար եք հայտարարում, հլը մի հատ էլ ուզում եք պատժել»,- ասաց Չախոյանը։

Նա անդրադարձավ նաև սահմանադրական հանրաքվեի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկներին՝ պնդելով, որ ընդդիմությունը խուսափում է դրանց արձագանքելուց, քանի որ, իր գնահատմամբ, դեմ է իշխանությունների խաղաղության օրակարգին։

«Ի դեմս այս ընդդիմության՝ մենք ունենք Ազգային ժողովի դահլիճ գործուղված խաղաղության դեմ մարտագլխիկներ, մարտագլխիկներ, ովքեր պայքարել են ու շարունակում են պայքարել խաղաղության դեմ: …Խաղաղությունը, որպես այդպիսին, իրենց քաղաքական գերեզմանոցն է լինելու»,- հայտարարեց Չախոյանը։

Խոսելով Ղարաբաղյան շարժումը շարունակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարություններից՝ Չախոյանը մեղադրեց նրանց Հայաստանը նոր ռազմական հակամարտության մեջ ներքաշելու մտադրության մեջ։ Նա քննադատեց նաև Նարեկ Կարապետյանին և նրա ընտանիքի անդամներին՝ պնդելով, որ նրանք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, սակայն խոսում են պայքարը շարունակելու անհրաժեշտությունից։

«Եթե պատրաստվում եք նոր պատերազմ հրահրել, Հայաստանը պահել կոնֆլիկտի մեջ, համարձակություն ունեցեք ու հայտարարեք, որ շարունակելու եք պատերազմել, մեր երկրի մատաղ սերնդին տանել ու մատաղ անել, բերել լցնել Եռաբլուրները… Այս խմբակցության ղեկավարը՝ Նարեկ Կարապետյանը, ամբողջ գերդաստանով դասալիք է, նույնիսկ ժամկետային պարտադիր ծառայություն ոչ մեկ այդ գերդաստանից չի անցել. էս մարդիկ ուզում են Ղարաբաղյան շարժում շարունակե՞լ ու երեխաների արյան հաշվի՞ն»,- ասաց Չախոյանը։

Ելույթի ավարտին Չախոյանը համեմատեց Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության առաջնորդի դիրքորոշումները՝ նշելով, որ վարչապետը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել պաշտոնից՝ հանուն խաղաղության, մինչդեռ ընդդիմության առաջնորդը, նրա խոսքով, չի հրաժարվում անգամ Ռուսաստանի քաղաքացիությունից։

«Մեր վարչապետը… իր ողջ քաղաքական կապիտալը դրել է զոհասեղանին, ասում է՝ ես պատրաստ եմ հրաժարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռից… միայն թե Հայաստանում լինի խաղաղություն: Իսկ ի՞նչ է ասում ձեր առաջնորդը․ ասում է՝ ես լինելու եմ հաջորդ վարչապետը, բայց չի հրաժարվում անգամ ռուսական անձնագրից»,- հայտարարեց Չախոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment