Նոր Սահմանադրության հանրաքվե և հրաժարականի խոստում․ Փաշինյանը դիմել է ընդդիմությանը
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երկուշաբթի օրը Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության տեքստը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկուշաբթի օրը Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին։ Բայց ուզում եմ ևս մեկ անգամ ԱԺ ամբիոնից անդրադառնալ իմ՝ նախկինում արված առաջարկին։ Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ամբողջ խմբակցությունը կարող է չքվեարկել: Եվ մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի», – ասել է Փաշինյանը՝ ուրբաթ ելույթ ունենալով ԱԺ–ում 2027թ․–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Վարչապետի խոսքով, եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, նա հրաժարական կտա հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում:
«Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, հաջորդ ընտրությունները հերթական կլինեն, թե արտահերթ, ես չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու», – նշել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ ընդդիմությունն առայժմ չի ընդունում կամ չի ցանկանում ընդունել իր առաջարկը, սակայն այն շարունակում է բաց մնալ։
Անդրադառնալով ընդդիմության՝ 2026 թվականի ընտրությունների արդյունքների լեգիտիմության վերաբերյալ հայտարարություններին՝ Փաշինյանը նշել է, որ հանրաքվեն կարող է հնարավորություն լինել այդ հարցի շուրջ հանրային դիրքորոշումը պարզելու համար։
Նա նաև հակադարձել է Հայաստանում բռնապետության հաստատման վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին։
«Որտե՞ղ եք տեսել բռնապետություն, որ ընտրություններից մի քանի ամիս հետո գա, ընդդիմությանն առաջարկի գնալ հանրաքվեի՝ ըստ էության վարչապետի հրաժարականի գնով։ Որտե՞ղ եք տենց բան տեսել։ Էլ չեմ ասում, որ եթե բռնապետություն լիներ, ինչի՞ ենք ձեզ դիմում, թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք», – ասել է Փաշինյանը։