Արցախի կամերային նվագախումբը՝ առանց արցախցի երաժիշտների․ ո՞ւր մնաց նախաձեռնության նպատակը

2023 թվականին արցախցիների բռնի տեղահանությունից հետո տասնամյակների պատմություն ունեցող մշակութային կոլեկտիվները հայտնվեցին նոր մարտահրավերների առաջ։

Համույթներն ու նվագախմբերը զրկվեցին իրենց բնականոն գործունեությունը շարունակելու հնարավորությունից, իսկ երաժիշտներից ու անհատ կատարողներից շատերը, աշխատանքը չկորցնելու նպատակով, միացան Հայաստանի տարբեր մշակութային կոլեկտիվների։

Ստեղծված իրավիճակում, սակայն, առաջնային խնդիրներից մեկը դարձավ ոչ միայն առանձին արվեստագետների զբաղվածության ապահովումը, այլև տարիների ընթացքում ձևավորված արցախյան մշակութային կոլեկտիվների պահպանումը, նրանց միասնական կազմի և ստեղծագործական ավանդույթների շարունակականության ապահովումը։

«Արցախն ուներ իր կամերային նվագախումբը` շուրջ 20 տարվա պատմությամբ: Այն Արցախի մշակույթի և մեր ինքնության մի մասն էր:  2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումից հետո, որոշում կայացվեց Երևանում վերականգնել Արցախի կամերային նվագախումբը։ Գաղափարը ներկայացվում էր որպես հնարավորություն՝ փրկելու ոչ միայն նվագախմբի գոյությունը, այլև արցախցի երաժիշտների մասնագիտական կյանքը` նրանց տալով աշխատանք, ապրուստի միջոց և իրենց գործը շարունակելու հնարավորություն։ Այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ՀԲԸՄ-ն»,- MediaHub-ին փոխանցեց կամերային նվագախմբի ջութակահարուհի՝ Դիանա Մեսրոպյանը։

Նրա խոսքով, Արցախի կամերային նվագախումբը վերաբացելուց հետո, մրցույթ է հայտարարվել, արդյունքում նվագախմբից դուրս են մնացել բազմաթիվ արցախցի երաժիշտներ՝ մասնագիտական անհամապատասխանության պատճառաբանությամբ։ Սակայն, նույն երաժիշտները 20 տարի աշխատել են տվյալ նվագախմբում։

«Դրանից հետո տարբեր հանգամանքներում նվագախումբը լքել են նաև արցախցի մյուս երաժիշտները։ Եվ այսօր ունենք Արցախի նվագախումբ, որտեղ չկան արցախցի երաժիշտներ։ Նվագախումբը շարունակում է հանդես գալ «Արցախ» անունով, համերգներ տալ և ստանալ ֆինանսավորում այն կառույցի կողմից, որի համար հենց Արցախի անունն ու արցախցի երաժիշտներին աջակցելու գաղափարն էին նախաձեռնության հիմքում։ Ուստի հարց է առաջանում. Ի՞նչ է այսօր ներկայացնում Արցախ նվագախումբը, ո՞ւմ համար և ի՞նչ նպատակով էր այն վերականգնվում։ Եթե սկզբնական գաղափարն արցախցի երաժիշտներին աշխատանքով ապահովելն էր, ապա ինչո՞ւ այսօր նրանցից ոչ ոք այդ նվագախմբում չէ։  Արդյո՞ք ֆինանսավորումը շարունակվում է նույն սկզբնական նպատակով։ Եվ, ի վերջո, ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ մի նախաձեռնություն, որը պետք է լիներ արցախցի երաժիշտների աջակցության և Արցախի մշակութային ժառանգության պահպանման միջոց, հասել է այս վիճակին»,- իր մտահոգությունն է հայտնում ջութակահարուհին։

Հարցերը շատ են, պատասխանները՝ չբավարարող։ Դիանայի խոսքով, նրանք դիմել են թե՛ ֆինանսավորողին և թե նվագախումբը վերաբացելու նախաձեռնության հեղինակներին, սական, վերջիններս ասել են «որևէ խնդիր չեն տեսնում։

«Մենք չենք վիճարկում որևէ մեկի մասնագիտական կարողությունները կամ երաժշտությամբ զբաղվելու իրավունքը։ Մենք բարձրաձայնում ենք մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հարց. արդյո՞ք արդար է պահպանել Արցախի անունը, օգտվել այդ անվան խորհրդանշական ու բարոյական արժեքից, շարունակել դրա ներքո ֆինանսավորում ստանալ, երբ այն մարդիկ, որոնց համար ի սկզբանե ստեղծվել էր այս հնարավորությունը, այլևս այդտեղ չեն։ Մենք իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Մենք պահանջում ենք հարգանք այն գաղափարի նկատմամբ, որի անունով սկսվեց այս ամենը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Leave a comment