The New York Times-ը Գոհաբանության տոնին առաջարկել է հայկական ղափամա պատրաստել

The New York Times-ը Գոհաբանության տոնին առաջարկել է հայկական ղափամա պատրաստել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

The New York Times պարբերականը հայկական ավանդական ղափաման առաջարկել է որպես Գոհաբանության տոնի (Thanksgiving) սեղանի գլխավոր ուտեստներից մեկը՝ հրապարակելով դրա հիման վրա մշակված բաղադրատոմսը։

«Այս տպավորիչ բուսական ուտեստը պատրաստված է հայկական տոնական ղափամայի օրինակով, որը հրաշալի է տոնական հյուրասիրության համար», – գրում է պարբերականը։

Նոյեմբերի 16-ին թարմացված հրապարակման մեջ The New York Times-ը ներկայացնում է ղափաման՝ որպես աշնանային հայկական ուտեստ, որը սովորաբար պատրաստվում է ամբողջական դդմով՝ լցոնված բրնձով, ընկուզեղենով, ծիրանի և բալի չրերով ու պատված մեղրով։

Ամերիկյան պարբերականը, սակայն, առաջարկում է դրա փոփոխված՝ ավելի աղի տարբերակը՝ ոգեշնչված նաև իրանական և մերձավորարևելյան խոհանոցներից։

Հոդվածի հեղինակը՝ Տանյա Սիչինսկին, հատուկ ընդգծում է նաև ղափամայի մատուցման առանձնահատկությունը։

«Ի տարբերություն հնդկահավի՝ այս ուտեստը հեշտ է բաժանել հենց տոնական սեղանի շուրջ՝ առավելագույն տպավորություն ստեղծելու համար»,- նշում է հեղինակը՝ տեսարանը համեմատելով բացված ծաղկի հետ։

Ղափաման հայկական խոհանոցի ավանդական ուտեստներից է, որը պատրաստվում է հատկապես աշնանային և ձմեռային տոներին, ինչպես նաև հարսանիքներին ու ընտանեկան մեծ հավաքույթներին։

Գոհաբանության տոնը Միացյալ Նահանգներում նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը՝ այս տարի նոյեմբերի 26-ին։ Այդ օրվա ավանդական գլխավոր ուտեստը հնդկահավն է, իսկ The New York Times-ն առաջարկում է հայկական ղափամայի հիման վրա պատրաստված տարբերակը՝ որպես բուսական այլընտրանք։

Leave a comment