Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հերթական վերանայման արդյունքում անփոփոխ է թողել ԱՄՆ-ի վարկային վարկանիշը՝ Aa1 մակարդակում, պահպանելով «կայուն» կանխատեսումը։
Գործակալության գնահատմամբ՝ այս որոշումն արտացոլում է ԱՄՆ-ի բացառապես բարձր վարկունակությունը, արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությունը և դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի առանցքային դերը։
Moody’s-ը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 2.3%-ով, իսկ հաջորդ երկու տարիներին տնտեսական աճը կկազմի տարեկան 2%։ Գործակալությունը նաև նշում է, որ վերջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը տարեկանացված հաշվարկով հասել է 3.4%-ի՝ գերազանցելով նախնական սպասումները։
Կարճաժամկետ հեռանկարում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը կլինի արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքներում ներդրումների ավելացումը։ Երկարաժամկետ կտրվածքով այդ ներդրումները կարող են նպաստել նաև աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։
Moody’s-ի գնահատմամբ՝ ամպային ծառայությունների խոշորագույն մատակարարների՝ հիպերմասշտաբային ընկերությունների կապիտալ ծախսերը կարող են աճել մինչև 1 տրլն դոլար՝ կազմելով ԱՄՆ ՀՆԱ-ի 2.9%-ը։ Համեմատության համար՝ ներկայում այդ ծախսերը գնահատվում են 785 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 2.4%-ը։
Միաժամանակ գործակալությունը զգուշացնում է, որ տոկոսադրույքների և էներգակիրների գների բարձրացումը, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում ներդրումային ակտիվության աստիճանական կարգավորումը կարող են դանդաղեցնել տնտեսական աճը։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի տնտեսության նորարարական ներուժը, մասնավոր հատվածի ակտիվությունը և կապիտալի զարգացած շուկաները կշարունակեն աջակցել ներդրումներին ու արտադրողականության աճին։
Moody’s-ը նաև ակնկալում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի անկախ դրամավարկային քաղաքականությունը կպահպանի իր բարձր արդյունավետությունը՝ նպաստելով երկրի մակրոտնտեսական կայունությանը։