Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 22-ը հայտարարել է ազգային սգո օր՝ Թբիլիսիի Պոնիչալա շրջանում ողբերգական դեպքի կապակցությամբ։
Հիշեցնենք նոյեմբերի 19-ին բնակելի շենքում գազի պայթյունի և շինության մասնակի փլուզման հետևանքով զոհվել է 6 մարդ։
Կառավարության որոշմամբ՝ այդ օրը երկրի ամբողջ տարածքում պետական դրոշները կխոնարհվեն։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի առավոտյան։ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը հինգերորդ հարկի բնակարաններից մեկում գազի ջեռուցիչը միացնելու փորձն է եղել։
Պայթյունի հետևանքով շենքի մի հատվածը փլուզվել է, իսկ մի քանի բնակիչներ մնացել են փլատակներում։ Փրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է ողջ դուրս բերել երեք տարեկան աղջկա, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվել է բավարար։