«Ամեն անգամ կառավարության ընդունած որոշումների հետևանքով նոր խնդիրների ենք բախվում, էլ չեմ խոսում հոգեբանական ծանր ապրումների մասին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված Նաիրա Նավասարդյանը՝ անդրադառնալով կենսաչափական նոր անձնագրերում արցախցիների ծննդավայրի տվյալների լրացման խնդրին։ Նրա խոսքով՝ ծննդավայրի դաշտում ավտոմատ լրացվում է «Ադրբեջան»։
Նաիրան պատմում է, որ բռնի տեղահանությունից հետո արցախցիները անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ ՀՀ կապույտ անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են եղել։
«Ամիսներ են տևել, մինչև վերականգնել եմ նույն անձնագիրը՝ մի տարբերությամբ․ 070-ի փոխարեն ստացել եմ նոր կոդ, ծննդավայրը՝ Ստեփանակերտ։ Եղել են դեպքեր, երբ ծննդավայրի դաշտն ավտոմատ լրացվել է «Ադրբեջան»։ Մարդիկ դիմել են, անցել նույն բարդ ճանապարհը, ամիսներ հետո ստացել նոր անձնագիր՝ առանց այդ պետության անվանման»,- նշեց նա։
ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը երեկ կրկին պարզաբանում է տարածել՝ նշելով, որ կենսաչափական փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտի լրացումը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Ըստ ծառայության՝ Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում ծննդավայրի դաշտում նշվում է «Ադրբեջան»։
Ի պատասխան՝ Նաիրա Նավասարդյանը վկայակոչում է ICAO Doc 9303 փաստաթղթի 3-րդ մասի 3.7 կետը, ըստ որի՝ ծննդավայրի ներառումը պարտադիր չէ, իսկ ներառվելու դեպքում այն կարող է ներկայացվել քաղաքի, բնակավայրի, և կամ պետության անվանմամբ։
«Հերի՛ք է արցախցիներին նորից ու նորից հոգեբանական տեռորի ենթարկեք։ Սույն գրառման մեջ վկայակոչված ICAO Doc 9303-ի 3-րդ մասի 3.7 կետում հստակ գրված է․ “Inclusion of the place of birth is optional. If the place of birth is included it may be represented by the town, the city, the suburb and/or the State.” Այսինքն՝ ծննդավայրի ներառումը կամընտիր է, իսկ ներառվելու դեպքում կարելի է նշել նաև միայն քաղաքը կամ բնակավայրը՝ առանց պետության։ Նույն կետի ծանոթագրությունը նախատեսում է նաև քաղաքական զգայունությունները հաշվի առնելը։ ISO 3166-ը երկրների անվանումների կոդավորման ստանդարտ է։ Այն ինքնին չի ապացուցում, թե ծննդավայրի դաշտում պարտադիր է պետություն նշել։ Ես ծնվել եմ ԼՂԻՄ-ում, խորհրդային տարիներին, ոչ թե անկախ Ադրբեջանի Հանրապետությունում։ Ի՞նչ հիմնավորմամբ եք հրաժարվում իմ ծննդավայրի անունը պահպանող՝ նույն ստանդարտով թույլատրելի տարբերակից»,- իր մտահոգությունն է հայտնում մեր զրուցակիցը։
Արցախցիների համոզմամբ՝ կառավարությունն ամեն օր քայլեր է ձեռնարկում Արցախի էջն ամբողջությամբ փակելու ուղղությամբ՝ անտեսելով, որ յուրաքանչյուր նման որոշման հետևում մարդկային ցավ կա։
«Օր առաջ ամեն հնարավոր բան անում են, որպեսզի մեր կորսված ծննդավայրի, մեր տան, մեր բնակավայրի մասին որևէ հիշատակում ոչ մի տեղ չմնա։ Իսկ արցախցիներն ամեն օր տարբեր կառույցներում բախվում են նորանոր խոչընդոտների՝ ստիպված լինելով անվերջ բացատրություններ տալ ու հիմնավորումներ պահանջել, այդ թվում՝ դատական անվերջ քաշքշուկների մեջ լինել»,- եզրափակեց Նաիրա Նավասարդյանը։