Վաշինգտոնի քաղաքական վերադասավորումները միջանկյալ ընտրություններից հետո

Միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո Վաշինգտոնում քաղաքական վայրիվերումներ են սկսվել, ինչը միանգամայն կանխատեսելի գործընթաց է՝ հաշվի առնելով, որ դեմոկրատները լիակատար վերահսկողություն են ստանձնելու թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում՝ ունենալով մեծամասնություն և հնարավորություն առաջ մղելու իրենց համար կարևոր մի շարք օրակարգային առաջնահերթություններ։ Այն հանգամանքը, որ Թրամփի դիրքերն էապես թուլացել են, դեռևս չի նշանակում, որ նա զրկվել է իր լիազորություններն իրականացնելու և իր պարտականությունները կատարելու լիարժեք հնարավորությունից։ Այստեղից առանցքային նշանակություն է ձեռք բերում երեք կարևոր պաշտոնյաների գործունեությունը։ Խոսքը, մասնավորապես, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մասին է։

Ընտրություններին հաջորդած երկու օրերի ընթացքում ամերիկյան մամուլում տեղեկություններ էին հրապարակվում առ այն, որ Ռուբիոն հնարավոր է՝ առաջիկա օրերին հրաժարական տա՝ կապված կուսակցության՝ միջանկյալ ընտրություններում կրած պարտության հետ։ Վերջիվերջո, պարտության պատճառներից մեկն Իրանի պատերազմն է, որը շարունակվում է՝ առանց էական ձեռքբերումների ինչպես բանակցային, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։ Այս պայմաններում Ռուբիոն կարող էր իր վրա վերցնել պարտության պատասխանատվության մի մասը և հեռանալ։ Սակայն նա հայտարարեց, որ նման մտադրություն չունի, ինչը, իրականում, գործընթացն ավելի հետաքրքիր է դարձնում։ Ի տարբերություն նույն Վենսի՝ Ռուբիոն Թրամփից ավելի անկախ քաղաքական կապիտալ ունի, որը կուտակել է իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում։ Իսկ Վենսը, որը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է լինել սենատոր, այդուհանդերձ, քաղաքական առումով շատ ավելի սերտորեն կապված է նախագահի հետ՝ թե՛ որպես փոխնախագահ, թե՛ որպես Թրամփի որդիների ընկեր։ Հենց նրանք են իրենց հորը ծանոթացրել Վենսի հետ՝ հորդորելով նրան ընդգրկել իր թիմում, այդ թվում՝ որպես հնարավոր իրավահաջորդ։ Սակայն Թրամփը բավականին հետաքրքիր բալանսավորում է ձևավորել Վենսի և Ռուբիոյի միջև։ Իհարկե, Վենսն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, բայց նրա քաղաքական ազդեցությունը մեծապես պայմանավորված է ոչ այնքան իր ներկայիս կարգավիճակով, որքան Թրամփի հնարավոր իրավահաջորդը լինելու հանգամանքով։ Վերջիվերջո, փոխնախագահի լիազորությունները բավականին սահմանափակ են, և Վենսն այսօր շատ քիչ բան ունի ներկայացնելու հանրությանը որպես նախագահի հնարավոր թեկնածու՝ առանց Թրամփից որոշակիորեն դիստանցավորվելու հնարավորության։ Սա որոշ դեպքերում խնդրահարույց է լինելու ապագա թեկնածու Վենսի համար։ Օրինակ՝ Իրանի պատերազմը, որը նա սխալ որոշում է որակել, կարող է դառնալ այդպիսի խնդիր։

Ռուբիոյի պարագայում իրավիճակն այլ է։ Չնայած նա ֆորմալ առումով ավելի ցածր պաշտոն է զբաղեցնում, նախագահը նրան օժտել է ավելի լայն լիազորություններով, և ազդեցության տեսանկյունից նա կարող է համարվել ԱՄՆ վարչակազմի երկրորդ ամենաազդեցիկ գործիչը նախագահից հետո։ Վերջիվերջո, նա ղեկավարում է ոչ միայն Պետդեպարտամենտը, այլև զբաղեցնում է նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Ազգային անվտանգության խորհրդի ստեղծման հիմնական նպատակներից մեկը, ի թիվս այլոց, միջգերատեսչական հակակշիռների ձևավորումն ու նախագահին այլընտրանքային որոշումներ առաջարկելու հնարավորության ապահովումն էր։

Իրականում, այս փուլում հեռանալը Ռուբիոյին հնարավորություն կտար կենտրոնանալ նախագահական ընտրությունների վրա՝ որպես հնարավոր թեկնածու, ունենալով բավարար ժամանակ և հնարավորություն՝ Թրամփից ու նրա բացասական իմիջից որոշակիորեն հեռավորություն պահելու համար։ Մի բան, որը Վենսը չի կարող անել։ Ժամանակին պետքարտուղարներ Ջոն Քերին և Հիլարի Քլինթոնը նույնպես կիրառել են նման մարտավարություն՝ նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով, թեև երկուսն էլ պարտվել են։ Այնուամենայնիվ, դա նրանց մանևրելու ավելի մեծ հնարավորություն է տվել։

Ի դեպ, վերջին պետքարտուղարը, որն ընտրվել է ԱՄՆ նախագահ, եղել է Ջեյմս Բյուքենենը՝ 1857 թվականին։

Այս ամենը որոշակի առումով նշանակում է, որ Ռուբիոն կա՛մ բաց է թողնում ապագա նախագահական ընտրություններում առանցքային դերակատարում ունենալու կոնկրետ այս հնարավորությունը, կա՛մ իսկապես դեռևս ցանկություն չունի հանրապետականների կողմից նախագահի հիմնական թեկնածու առաջադրվելու՝ սպասելով ավելի պատեհ առիթի։

Հաջորդ կարևոր ֆիգուրը, որը, անշուշտ, դեռևս նախագահական հավակնություններ չունի, սակայն Վաշինգտոնի ամենաազդեցիկ գործիչներից է, պատերազմի քարտուղար Փիթ Հեգսեթն է։ Նրա նկատմամբ արդեն իսկ իմպիչմենտի գործընթաց է սկսվել, սակայն այս պահին դրա հաջողության հավանականությունը մեծ չէ, քանի որ դեմոկրատները Սենատում մեծամասնություն կստանան միայն հունվարից։ Սակայն նույնիսկ այդ հանգամանքը բավարար չի լինի Հեգսեթին իմպիչմենտի ենթարկելու և պաշտոնանկ անելու համար։ Մինչև այդ գործընթացը հնարավոր է նախաձեռնել և առաջ մղել Ներկայացուցիչների պալատում, սակայն, հաշվի առնելով Կոնգրեսի կառուցվածքային առանձնահատկությունները և իմպիչմենտի իրավական ընթացակարգերը, այս նախաձեռնության հաջողության շանսերն առայժմ բավական սահմանափակ են։

Սակայն այս ամենը կարևոր է նաև մեկ այլ տեսանկյունից։ Հեգսեթին պատերազմի ընթացքում թույլ տված անհաջողությունների համար կարելի է մեղադրել նույնքան, որքան Ռուբիոյին՝ պատերազմի շուրջ բանակցությունների և դիվանագիտական ջանքերի տապալման համար։ (Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև Վենսին, քանի որ պատերազմի սկզբնական փուլում, 2026-ի ապրիլին, նա նույնպես, որպես բանակցող, մեկնել էր Իսլամաբադ՝ Իրանի ներկայացուցիչներին հանդիպելու նպատակով, սակայն այդ հանդիպումը ձախողվեց)։

Ռուբիոյի նկատմամբ նման իմպիչմենտի գործընթաց չկա։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հեգսեթն ինքնուրույն քաղաքական գործիչ չէ և հատկապես պատերազմի հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնող դերակատար չէ։ Այստեղ որոշիչը նախագահն է, որպես գերագույն գլխավոր հրամանատար, ոչ թե պատերազմի քարտուղարը։ Հատկանշական է, որ Հեգսեթը դեռևս մարտին հայտարարում էր, որ ինքը ոչ թե որոշում կայացնող է, այլ նախագահի որոշումները կատարող։ Հաջորդ հետաքրքիր դետալն այն է, որ նրա նկատմամբ իմպիչմենտի գործընթացը նախաձեռնել է հանրապետական կոնգրեսականներից մեկը, որին հետագայում միացել են դեմոկրատները։ Իհարկե, թե կոնգրեսական Մասսին որքանով է ինքնուրույն առաջ քաշել հանրապետականների համար այս խնդրահարույց նախաձեռնությունը, մեկ այլ հարց է։ Սակայն այստեղ նաև չի կարելի բացառել, որ գործ ունենք կուսակցության վերահսկողության տակ գտնվող գործընթացի հետ, որի նպատակն ամենևին էլ այն ավարտին հասցնելը չէ, այլ կուտակված քաղաքական էներգիան որոշակիորեն այլ ուղղությամբ բաց թողնելը։ Վերջիվերջո, իմպիչմենտի մեղադրանքների թվում կա նաև մեկը, որը վերաբերում է Վենեսուելային, սակայն, ինչպես հայտնի է, այդ գործողության հետևում կանգնած է եղել հենց Մարկո Ռուբիոն։

Եվ վերջապես, երրորդ ֆիգուրը, որի մասին արժի խոսել, և որը դիտարկվում է որպես նրա ամենահավանական քաղաքական իրավահաջորդը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է։ Նրա նկատմամբ բավականին բարդ քաղաքական մարտավարություն է որդեգրվել և կիրառվում է ինչպես իր անձնական թիմի, այնպես էլ Թրամփի թիմի կողմից։ Հաշվի առնելով, որ Վենսը կարող է դառնալ Թրամփի քաղաքական իրավահաջորդը, նախ՝ Թրամփը երբևէ ուղիղ հայտարարություն չի արել նրա իրավահաջորդության վերջնական որոշման վերաբերյալ՝ փորձելով նրան պաշտպանել հնարավոր վաղաժամ հարձակումներից և քաղաքական թիրախավորումից։ Երկրորդ՝ Վենսին որոշակի առումով հնարավորություն է տրվում հեռավորություն պահել Թրամփից, այդ թվում՝ լրատվական արտահոսքերի միջոցով տարածելով տեղեկություններ, թե ինքը համաձայն չի եղել Թրամփի այս կամ այն որոշման հետ։ Իսկ սա, համաձայնենք, առանց Թրամփի գիտության, իհարկե, տեղի ունենալ չէր կարող։ Թրամփը նույնպես հասկանում է, որ իրեն անհրաժեշտ է այնպիսի իրավահաջորդ, որը կերաշխավորի իր և իր ընտանիքի պաշտպանությունը տասնյակ հետաքննություններից և հնարավոր քրեական գործերից։ Հետևաբար, Վենսի պարագայում նրան որոշակի քաղաքական կշիռ տալը, միաժամանակ ժամանակից շուտ թիրախ չդարձնելն էական նշանակություն ունեն, ուստի Վաշինգտոնում տեղի ունեցող այս բոլոր գործընթացները կարելի է դիտարկել մեկ ամբողջական տրամաբանության շրջանակում։ Այդ տրամաբանությունը վերաբերում է ոչ միայն Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներին և դրանց քաղաքական հետևանքներին Վաշինգտոնի քաղաքական Օլիմպոսում, այլև այն հնարավոր վերադասավորումներին, որոնք կարող են տեղի ունենալ Թրամփի քաղաքական թիմում մինչև 2028 թվականի նախագահական ընտրությունները։

Հանրապետականների և, մասնավորապես, Թրամփի ու նրա քաղաքական ժառանգության համար չափազանց կարևոր են նույնիսկ ծանր պարտության պայմաններում ճիշտ թիրախներ ձևավորելը և առաջնային գործիչներին քաղաքական թիրախ չդարձնելը։ Միաժամանակ անհրաժեշտ է կարողանալ հնարավոր թեկնածուներին որոշ հարցերում դիստանցավորել Թրամփից՝ առանց նրանց MAGA շարժման քաղաքական ներուժից զրկելու։ Վերջիվերջո, Թրամփը հեռանալու է, բայց նրա առաջ քաշած տասնյակ գաղափարներն ու առաջարկները շարունակելու են վայելել հասարակության աջակցությունը՝ կարևոր լինելով այնքան ժամանակ, քանի դեռ այդ աջակցությունը վերածվում է նաև ընտրական ձայների։

Իհարկե, այս ամենի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ Ռուբիոյի համար ստեղծվել են բոլոր նախապայմանները Թրամփից դիստանցավորվելու և առավել ինքնուրույն գործելու համար։

Փորձ է արվում Վենսին հնարավորինս զերծ պահել քաղաքական հարձակումներից՝ նրան Թրամփից որոշակիորեն դիստանցավորվելու հնարավորություն տալով, սակայն միաժամանակ թույլ չտալով, որ նա դառնա ինքնուրույն խաղացող ֆիգուր։ Իսկ վարչակազմի պատասխանատվության բեռը փորձում են տեղադրել Հեգսեթի ուսերին, որը կարող է յուրահատուկ «կայծակնահարվածի» դեր կատարել այս գործընթացում։ Թե որքանով արդյունավետ կլինեն հանրապետականների ռազմավարական հաշվարկները, ցույց կտա ժամանակը։ Սակայն դեմոկրատները ևս հասկանում են իրադարձությունների այս դասավորությունը և, բնականաբար, ռազմավարական տեսլական ու հանրապետականներին հակակշռելու մարտավարություն ունեն, ինչպես ունեցել են հարյուրամյակներ շարունակ։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment