Արցախից տեղահանվածների կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրի դաշտում «Ադրբեջան» նշելու որոշումը պայմանավորված է միջազգային ստանդարտների պահանջներով, պարզաբանել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
Գերատեսչության տվյալներով՝ անձը հաստատող և ճամփորդական փաստաթղթերի թողարկումը կարգավորվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 ստանդարտով, իսկ ծննդյան վայրի դաշտում նշվող տվյալները՝ ISO 3166 ստանդարտով։
ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ ISO 3166 ստանդարտը սահմանում է այն աշխարհագրական միավորները, որոնց անվանումները կարող են նշվել անձնագրերում։ Ըստ ՆԳՆ-ի՝ միջազգային կարգավորումներով չնախատեսված նշումները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում։
Նախարարությունը հայտնել է, որ տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմիններից նախկինում բազմաթիվ ահազանգեր են ստացել հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների վերաբերյալ։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նախկինում այդ խնդիրները փորձել է կարգավորել գործընկերային համագործակցության միջոցով։
Գերատեսչության փոխանցմամբ՝ նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ սահմանվել է միասնական մոտեցում՝ ISO 3166 ստանդարտին համապատասխանությունն ապահովելու և սահմանային անցակետերում հնարավոր խնդիրները բացառելու նպատակով։