Կայացել է Հայաստան–Եվրոպական միություն Գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեն։ Հանդիպման ընթացքում կողմերը գնահատել են ՀԸԳՀ-ի և գործընկերության ռազմավարական օրակարգի ընթացքը, առևտրատնտեսական աջակցության ծրագրերն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Ինչու է դա կարևոր. Նիստը վերահաստատում է ՀՀ–ԵՄ հարաբերությունների խորացումը բազմաթիվ ուղղություններով՝ հայկական արտահանման շուրջ 80%-ի համար ԵՄ շուկա անմաքս մուտքի ապահովումից և «Դիմակայունություն և աճ» ծրագրի ընդլայնումից մինչև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում ՀՀ զինված ուժերին ցուցաբերվող 30 մլն եվրոյի աջակցությունն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները։
Գործընկերության կոմիտեի 7-րդ նիստի առանցքային մանրամասները.
-
Ռազմավարական օրակարգ և գագաթնաժողովների արդյունքներ.
-
Կողմերը կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը։
-
ԵՄ-ն բարձր է գնահատել մայիսի 4-ին և 5-ին Հայաստանի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի հաջող հյուրընկալումը. վերահաստատվել է գագաթնաժողովի համատեղ հռչակագրի իրագործման հանձնառությունը։
-
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները՝ որպես երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրություն։
-
-
Ֆինանսական աջակցություն, առևտուր և կապակցվածություն.
-
Ողջունվել է 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի առաջընթացը, որն ամրապնդվել է լրացուցիչ 18 մլն եվրոյով։
-
Հայաստանը երախտագիտություն է հայտնել ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընդունման համար, որոնց շնորհիվ առաջիկա երկու տարում դեպի ԵՄ արտահանվող հայկական ծագման ապրանքների շուրջ 80%-ը կօգտվի անմաքս մուտքի հնարավորությունից։
-
Ընդգծվել է տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ուղղություններով ՀՀ–ԵՄ կապակցվածության գործընկերության առաջընթացը։
-
-
Վիզաների ազատականացում և բարեփոխումներ.
-
Կողմերը ողջունել են Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացը՝ վերահաստատելով բոլոր չորս ուղղություններով համագործակցությունը։
-
ԵՄ-ն դրական է գնահատել իրավունքի գերակայության, արդարադատության, իրավապահ համակարգի բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Հայաստանի ջանքերը։
-
Մտքեր են փոխանակվել նաև հետազոտության և նորարարության, շրջակա միջավայրի, կլիմայի, քաղաքացիական պաշտպանության, կրթության, սպորտի, մշակույթի, զբաղվածության, սոցիալական քաղաքականության, վիճակագրության, մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության շուրջ։
-
-
Անվտանգություն և տարածաշրջանային հաղորդակցություններ.
-
Ողջունվել է Խաղաղության եվրոպական գործիքի ներքո ՀՀ զինված ուժերին մինչ օրս տրամադրված 30 մլն եվրոյի աջակցությունը՝ կարևորելով այդ շրջանակում համագործակցության հետագա ընդլայնումը։
-
Քննարկվել է հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համագործակցությունը, ողջունվել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության գործունեության մեկնարկը և վերահաստատվել ՀՀ-ում ԵՄ առաքելության ներդրումը տարածաշրջանային կայունության գործում։
-
Կարևորվել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային հաղորդակցությունների վերաբացումը՝ հավասարության, փոխադարձության և բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության հարգման սկզբունքներով։
-