Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սևանա լճի հանրային լողափերից մեկի հարակից անտառում ծառերը հատվել են մոտ երկու մետր բարձրությունից։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի լուսանկարներում հստակ երևում է՝ անտառը բառացիորեն գլխատված է։

Տարածքը գտնվում է Սևան-Դիլիջան մայրուղու հատվածում՝ «Հարսնաքար» ռեստորան չհասած։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սևան» ազգային պարկին, որտեղից հեռախոսազանգի միջոցով պատասխանեցին, թե ծառերը թեքված են եղել, դրա համար էլ հատել են։ Ավելին՝ արդարանալու համար պարզաբանեցին, թե ծրագիրը հաստատել է նախարարությունը։

Այսինքն՝ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարած նախարարությունն է հաստատել ծառահատման ծրագիրը, իսկ «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը, որ պարտավոր է պահպանել լճի շրջակայքը, հաջողությամբ կազմակերպել է անտառի գլխատումը։

Անհասկանալի է մնում, թե ի՞նչ մասնագիտական եզրակացության հիման վրա է հաստատվել ծրագիրը, ով է գնահատել վնասը, ինչո՞ւ են ծառերը հատվել մոտ երկու մետր բարձրությունից և ամենակարևորը՝ անտառակապ հատվածում մի քանի ծառ է ընդամենը թեքված, մնացածը ուղիղ սլացիկ ծառեր են։ Հետևաբար և՛ Համբարձում Մաթևոսյանը, և՛ Կարեն Մնացականյանը պարտավոր են առարկայական բացատրություն տալ ծառերի ոչնչացման համար։

Հատկապես ցինիկ է իրավիճակը, երբ ընդամենը օրեր առաջ մոտ մեկ ամիս Շրջակա միջավայրի նախարարությունը COP17-ի շրջանակում բնապահպանական խնդիրներ էր քննարկում, բնության պահպանության մասին ելույթներ ունենում։ Ստացվում է՝ միջազգային համաժողովներում՝ բնապահպանություն, Սևանի ափին՝ գլխատված անտառ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Leave a comment