Claude չաթբոտի մշակող Anthropic ընկերությունը բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) ընթացքում ներգրավել է ռեկորդային՝ 81 միլիարդ դոլար։ Բաժնետոմսերը վաճառվել են մեկ հատը 83 դոլարով, մինչդեռ ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր 70-78 դոլարի գնային միջակայքի մասին։ Բաժնետոմսերի առևտուրը կմեկնարկի նոյեմբերի 19-ին՝ հինգշաբթի, Նյու Յորքում։ Տեղաբաշխման արդյունքում ընկերության շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 1,5 տրիլիոն դոլար։ Anthropic-ը դարձել է արհեստական բանականության մշակմամբ բացառապես զբաղվող առաջին ընկերությունը, որը դուրս է եկել ֆոնդային բորսա։
Պահանջարկն այնքան մեծ է եղել, որ ընկերությունը վաճառել է նախատեսվածից ավելի շատ բաժնետոմսեր։ Վաղ շրջանի ներդրողներից մեկը հայտնել է, որ գնման հայտերի ծավալը տասն անգամ գերազանցել է վաճառքի համար առաջարկված բաժնետոմսերի քանակը։
Բացի այդ, Anthropic-ը 26 միլիարդ դոլար կստանա տեխնոլոգիական ընկերությունների խմբից, որի կազմում են Google-ը, Microsoft-ը և Nvidia-ն։ Եվս մինչև 12 միլիարդ դոլար ընկերությունը կարող է ներգրավել բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով՝ բարձր պահանջարկի դեպքում։
Նշվում է, որ սեպտեմբերին ավարտված ինն ամիսների ընթացքում Anthropic-ի հասույթը կազմել է 33 միլիարդ դոլար, իսկ նույն ժամանակահատվածում զուտ վնասը հասել է 104 միլիարդ դոլարի։ 1,5 տրիլիոն դոլար գնահատվող շուկայական արժեքով ընկերությունն ավելի թանկ է, քան Walmart-ը և Samsung-ը, իսկ արժեքով գրեթե հավասար է Tesla-ին և Meta-ին։ Anthropic-ը 2021 թվականին հիմնադրած յոթ համահիմնադիրները միանգամից կդառնան բազմամիլիարդատերեր։
Բաժնետոմսերի տեղաբաշխումն ընթանում է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի գների անկման ֆոնին։ Դեմոկրատները վերահսկողություն են ստացել Կոնգրեսի երկու պալատներում, և նրանցից ակնկալում են արհեստական բանականության ոլորտի ավելի խիստ կարգավորում։
Ներդրումային Empower ընկերության ռազմավարության բաժնի ղեկավար Մարթա Նորթոնը բացատրել է, որ Anthropic-ը դուրս է եկել ֆոնդային բորսա, քանի որ ֆինանսական միջոցների կարիք ունի։ Նա ասել է. «Արհեստական բանականությունը մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում։ Հանրային շուկաները որոշ չափով ավելի լայն հնարավորություններ են ստեղծում ֆինանսական միջոցներ ներգրավելու համար, ուստի դրա ժամանակը եկել է»։
Հոկտեմբերի վերջին Anthropic-ը պաշտոնապես ներկայացրել է փաստաթղթերը՝ ամերիկյան ֆոնդային բորսայում ANT բորսայական նշանով բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու համար։
Արժեթղթերի թողարկման ազդագրում նշվում էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում ընկերության հասույթը կազմել է 16,3 միլիարդ դոլար, իսկ մաքուր վնասը՝ 80 միլիարդ դոլար։
Ընկերությունը ֆոնդային բորսա է դուրս գալիս Թրամփի վարչակազմի հետ հակամարտության սրման ֆոնին։ ԱՄՆ իշխանությունները Anthropic-ը ճանաչել են որպես մատակարարման շղթաների համար վտանգ ներկայացնող ընկերություն, ինչի հետևանքով զինվորականներն իրականում զրկվել են նրա հետ համագործակցելու հնարավորությունից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի