2027 թվականի ապրիլի 26-ից մայիսի 2-ը Հայաստանում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 2027 թվականի ապրիլի 26-ից մայիսի 2-ը Հայաստանում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։
Միջոցառման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովմամբ ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։
Առաջնությանը նախնական գնահատմամբ կմասնակցի շուրջ 500 մարզիկ, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի անդամներ և այլ պատվիրակներ։
Որոշման հիմնավորման համաձայն՝ առաջնությունը միջազգային նշանակության խոշոր մարզական միջոցառում է, որի անցկացումը ՀՀ-ում կարևոր նշանակություն ունի երկրի միջազգային մարզական հեղինակության բարձրացման, սպորտային ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես միջազգային մարզական միջոցառումներ կազմակերպելու կարողություն ունեցող երկրի դիրքավորման տեսանկյունից։
Որոշման մեջ նաև նշվում է, որ առաջնության անցկացումը իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում ՀՀ էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր:
Միևնույն ժամանակ այն կնպաստի մարզամշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակութային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսության համընթաց զարգացմանը: