Ե՞րբ կսկսվի Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը․ Ավինյանը ժամկետներ է նշել


ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքները մեծ հավանականությամբ կմեկնարկեն հաջորդ տարի, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա երևի մեր ամենաբարդ ծրագիրն է՝ Աջափնյակի մետրոյի կայարանը, որովհետև մեր գիտելիքը, կարելի է ասել, վերացել է երկրից վերջին մի քանի տասնամյակում նմանատիպ աշխատանքներ չանելու պատճառով։ Մենք հիմա ինտենսիվ քննարկում ենք մի քանի կողմի հետ հաջորդ տարի այդ աշխատանքները մեկնարկելու հնարավորությունը», – նշել է Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա հայտնել է, որ կառավարությունն արդեն որոշում է ընդունել համապատասխան հողերի օտարման վերաբերյալ, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) լսումներն արդեն նշանակված են։

«Շուտով նաև պատրաստելու ենք տեխնիկական հսկողության, ինժեների և կառուցապատման մրցույթները, և արդեն փաստացի ընթացք տանք դրանց։ Մեծ հավանականությամբ սկսելու է եկող տարի», – ասել է քաղաքապետը։

Նշենք, որ ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Երևանի մետրոպոլիտենի նոր՝ 11-րդ կայարանի՝ «Աջափնյակի» կառուցման ներդրումային ծրագրի տնտեսական արժեքը կազմում է 107,3 մլրդ դրամ (մոտ 287,4 միլիոն դոլար)։

Նախորդ շաբաթ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսվում է հատկացնել 2 մլրդ դրամ։


 

Leave a comment