Հայաստանը պետք է ընդունի օրենսդրություն, որը սահմանում է, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները չեն հետապնդվում․ Փաշինյան

Հիմա մարդիկ հարց են բարձրացնում, ասում են՝ ձեր երկրում լուծեք այդ խնդիրը, որովհետև դա մեզ համար պրոբլեմ է, հայտնել է Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը պետք է ընդունի օրենսդրություն, որը սահմանում է, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները չեն հետապնդվում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով միգրացիոն հարցերի շուրջ ԵՄ–ի հետ ընթացող բանակցությունների մասին։

Նա նշել է, որ Եվրոպական միության գործընկերները երկար տարիներ ահազանգում են այն դեպքերի մասին, երբ Հայաստանի քաղաքացիները դիմում են ԵՄ երկրներում որոշակի կարգավիճակ ստանալու համար՝ պնդելով, որ լքել են երկիրը սեռական փոքրամասնություններին պատկանելու պատճառով։

«Հիմա մարդիկ հարց են բարձրացնում, ասում են՝ ձեր երկրում լուծեք այդ խնդիրը, որովհետև դա մեզ համար պրոբլեմ է» – նշել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ գոյություն ունեն նմանատիպ իրական դեպքեր, սակայն հանդիպում են նաև կեղծ դիմումներ։ Որոշ մարդիկ, նրա խոսքով, կարող են ներկայանալ որպես սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ եվրոպական երկրներում համապատասխան կարգավիճակ ստանալու համար։

Վարչապետն ընդգծել է, որ նման դիմումներն օբյեկտիվորեն ստուգելը բավականին խնդիր է, քանի որ եվրոպական կառույցներն ստիպված են լինում գնահատել դիմումների արժանահավատությունը։

«Ո՞րն է խնդրի լուծման ձևը։ Ընդունել օրենսդրություն, որը սահմանում է, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները չեն հետապնդվում», – հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նման կարգավորումը եվրոպական գործընկերներին թույլ կտա նմանատիպ դիմումները քննարկելիս հաշվի առնել Հայաստանում գործող իրավական երաշխիքները։

Leave a comment