Հույն լրագրող Պոլ Անտոնոպուլոսը հայտնում է, որ ԻՀԿ-ի գործողությունների ծրագիրը մեծապես կրում է Թուրքիայի ազդեցությունը։ Թուրքիան փորձում է հասնել նրան, որ կազմակերպության դիրքորոշումը գերակայի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 և 550 բանաձևերին, որոնք վերաբերում են Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիայի չճանաչմանը։
Կիպրոսը նույնպես խորին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիայի՝ որպես բանաձևի մշակման գործընթացը համակարգողի գործողություններում բանակցությունների ամբողջ ընթացքում բացակայել են թափանցիկությունն ու ներառականությունը։ Կիպրոսի ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած մասնակցության վերաբերյալ բազմիցս ներկայացված խնդրանքներին՝ երկիրը շարունակաբար դուրս է մնացել հաղորդակցությունից և բանակցություններից։
«Չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին և ներկայացրած խնդրանքներին՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների ներգրավումը բանակցային գործընթացում համակարգողի քաղաքական հայեցողության հարց չէ, այլ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունք»,- նշել է Կիպրոսի ներկայացուցիչը։
Հունաստանը նույնպես «լուրջ մտահոգություններ» է հայտնել Թուրքիայի համակարգմամբ ընթացած բանակցությունների վերաբերյալ։ Աթենքի ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիությունը բարեխղճորեն ներկայացրել է իր դիտողություններն ու փոփոխությունների առաջարկները, սակայն դրանք ոչ պատշաճ կերպով են քննարկվել, և դրանց մերժման վերաբերյալ բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել։ Նրա խոսքով՝ վերանայված նախագծերը նույնպես շրջանառության մեջ են դրվել առանց պատշաճ խորհրդակցությունների։
Հունաստանը նաև առարկել է այն փաստի դեմ, որ իր պատվիրակությունը և մի շարք այլ պատվիրակություններ դուրս են մնացել բանաձևի նախագծերի շրջանառության գործընթացից։
«Նման գործելակերպը չի համապատասխանում Գլխավոր վեհաժողովի բանակցություններից ակնկալվող թափանցիկության, ներառականության և բարեխղճության սկզբունքներին։ Մենք համոզված ենք, որ դրանք չեն արտացոլում մեր անդամ պետությունների դիրքորոշումները»,- հայտարարել է Հունաստանի ներկայացուցիչը։
Հայաստանի ներկայացուցիչը, իր հերթին, ներկայացրել է Երևանի դիրքորոշումը «Միավորված ազգերի կազմակերպության և Իսլամական համագործակցության կազմակերպության միջև համագործակցություն» բանաձևի վերաբերյալ։
«Հայաստանն ու իսլամական աշխարհը կապված են դարավոր պատմական կապերով, որոնք հիմնված են բարիդրացիության, միջմշակութային և միջկրոնական երկխոսության վաղեմի ավանդույթների վրա։ Լինելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը երկար ժամանակ սերտ կապեր է պահպանել բազմաթիվ իսլամական երկրների և ժողովուրդների հետ՝ նպաստելով խաղաղ համակեցության հարուստ ժառանգության ձևավորմանը, ինչպես նաև պահպանելով, պաշտպանելով և խթանելով իսլամական մշակութային ու կրոնական ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի և դրանից դուրս պատմամշակութային բազմազանության անբաժանելի մաս։ Խորը արմատներ ունեցող այս պատմական և մշակութային կապերն այսօր ամուր հիմք են ստեղծում երկխոսության և համագործակցության զարգացման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանի և իսլամական երկրների մեծամասնության միջև արագ զարգացել են բարեկամական հարաբերությունները, կառուցողական քաղաքական երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև մշակույթի, կրթության, առևտրի և տնտեսության ոլորտներում։
«Այնուամենայնիվ, ափսոսանքով պետք է նշենք, որ բանաձևի որոշ դրույթներ, մասնավորապես, նախաբանի 20-րդ կետում հիշատակված ԻՀԿ-ի 10/51 բանաձևը, պարունակում են անհիմն հակամարտային բնույթի ձևակերպումներ և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ուղղված պնդումներ։ Ավելին, դրանք չեն համապատասխանում Հարավային Կովկասում ընթացող ներկայիս խաղաղ գործընթացի ոգուն։ Այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանն առաջ են մղում խաղաղության գործընթացը և երկկողմ հարաբերությունների կարգավորումը, մենք կոչ ենք անում ԻՀԿ անդամ պետություններին՝ աջակցել այս պատմական հնարավորությանը և նպաստել Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության ու համագործակցության ամրապնդմանը։ Մենք նաև ափսոսանք ենք հայտնում, որ բանաձևի նախագծի շուրջ բանակցային գործընթացը չի եղել ո՛չ թափանցիկ, ո՛չ ներառական, և Հայաստանի պատվիրակությունը, ՄԱԿ-ի մի շարք այլ անդամ պետությունների պատվիրակությունների հետ մեկտեղ, հրավիրված չի եղել մասնակցելու ոչ պաշտոնական խորհրդակցություններին։ Հայաստանը հույս ունի զարգացնել երկխոսությունն ու համագործակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության հետ՝ միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հարգման հիման վրա»,-ասվում է ՀՀ ներկայացուցչի հայտարարությունում։