Ամբողջ հոգով, սրտով, մտքով խղճում եմ մեր արդարադատությանը, ոչ մի միլիմետր չեմ նահանջելու. Բագրատ Սրբազան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Դատավորը հայտնեց, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանները չեն փոխվել, և ազատության հետ չկապված այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Դատարանի դահլիճում գտնվողները վանկարկեցին «ամոթ»։

Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ձևակերպմամբ՝ հանրային մեղադրողները ձախողել են մեղադրանքի այն պարտականությունը, որով պետք է ապացույցների վերաբերյալ ներկայացնեին պատշաճ փաստարկներ։

Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ ամեն անգամ, երբ իր խափանման միջոցի հարցն է քննարկվում, նույն պահին հիշում է Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, և ամոթ է ապրում։ Նա ընդգծեց, որ դատարանից ոչ ակնկալիք ունի, ոչ խնդրանք, ոչ էլ միջնորդություն։

«Ես միայն մեկ ակնկալիք ունեմ ինքս ինձնից՝ չդադարեցնել պայքարը, ոչ մի միլիմետր չնահանջել՝ անկախ նրանից, թե ինչ հալածանք, ինչ որակումներ, ինչ խուլիգանական խմբեր տարբեր տեսքերով կհայտնվեն մեր առջև։ Այո, իմ նպատակը, ցանկությունը, ձգտումը, երազանքը մեկն է՝ ազատագրված Հայաստան, ազատագրված դատարան, ազատագրված արդարադատություն, ճշմարտության հաստատում, հայրենիքի վերաազատագրում… Սա է միջնորդությունը՝ ինքս իմ հանդեպ և Աստծո դիմաց։

Ուրիշից ակնկալիք չունեմ, մանավանդ մարդկանցից, երկրային էակներից, որոնք կաշկանդված են։ Ես ամբողջ հոգով, սրտով, մտքով խղճում եմ մեր արդարադատությանը։ Այսօր կալանավայրերում մարդիկ են գտնվում, որոնք պատիվ կարող են բերել յուրաքանչյուր երկրի, բայց այսօր գտնվում են կալանքի տակ, որովհետև մեր արդարադատությունն ապրում է հրահանգներով»,- հայտարարեց Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում.

Դատական նիստն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment