ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Ռուսաստանի քաղաքացուն մեղադրել է Քալիֆորնիայում՝ Սիլիկոնյան հովտում գործող տեխնոլոգիական և պաշտպանական ընկերության աշխատակիցներին լրտեսելու մեջ։ Ընկերությունը համագործակցում է Ուկրաինայի հետ։ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, գրում է Current time-ը։
Դատարան ներկայացված գործի նյութերի համաձայն՝ Իգոր Դյու անունով ռուսաստանցին մեղադրվում է առանց համապատասխան թույլտվության օտարերկրյա պետության գործակալի կարգավիճակով գործելու, ապօրինի հետևելու և անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված խարդախության մեջ։
Մեղադրական եզրակացության մեջ չի նշվում այն ընկերության անունը, որի աշխատակիցներին նա հետևել է, սակայն փաստաթղթում ընդգծվում է, որ այն բորսայում ցուցակված բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն է։
BBC-ի տվյալներով՝ խոսքը Palantir Technologies ընկերության մասին է։ Քալիֆորնիայի հյուսիսային շրջանի դատախազ Քրեյգ Միսակյանը գործի նյութերում ընդգծում է, որ, ըստ քննության վարկածի, Ռուսաստանի քաղաքացին հետևել է այդ ընկերության աշխատակիցներին այն պատճառով, որ ընկերությունն աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Դատախազի խոսքով՝ առաջադրված մեղադրանքը վկայում է «պետության աջակցությամբ իրականացված գործողության» մասին։
BBC-ի պնդմամբ՝ Իգոր Դյուն 25 տարեկան է, ծնունդով Պետրոպավլովսկ-Կամչատսկիից։ Նա փոխել է ազգանունը․ նախկինում այն եղել է Գոլոդնյուկ։ Երիտասարդի մոր խոսքով՝ նա Պետրոպավլովսկից հեռացել է մոտ մեկ տարի առաջ։
ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ Դյուն հավաքագրվել է Telegram-ի միջոցով և կեղծ փաստաթղթերով ապօրինի մուտք գործել ԱՄՆ։ Պնդվում է, որ նրա առաքելությունն էր Պալո Ալտոյում գրասենյակ ունեցող ընկերության աշխատակիցների նկատմամբ «գաղտնի առաջադրանքներ» իրականացնելը։ Հետևելու համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելուց հետո Դյուն, ըստ մեղադրանքի, Պալո Ալտոյի սրճարաններից մեկում լուսանկարել է ընկերության աշխատակիցների նոութբուքերի էկրանները, ինչպես նաև փորձել է հեռակա հասանելիություն ստանալ նրանց տվյալներին։ Նա նաև հավաքել է ընկերության աշխատակիցների անձնական տվյալները։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող աղբյուրը BBC-ին հաստատել է, որ այդ գործողությունների թիրախը հենց Palantir ընկերությունն է եղել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ընկերության ներքին համակարգեր ներթափանցում տեղի չի ունեցել։ Palantir-ը գործի վերաբերյալ մեկնաբանություն չի արել։
Հոկտեմբերի վերջին Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել էր, նրա բնակարանում խուզարկություն է իրականացվել։ Նոյեմբերի 2-ին նա ներկայացել է դատարան, իսկ այժմ գտնվում է կալանքի տակ։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում (սովորաբար նշանակվող պատիժները զգալիորեն ավելի մեղմ են, քան օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը)։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Իգոր Դյուի ձերբակալությունը։ Հայտնի չէ նաև նրա պաշտպանական կողմի դիրքորոշումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի