Դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կբանակցի ՌԴ նախագահի հետ։ Այցին ընդառաջ Հայաստանում քննարկման առանցքային թեմաներից է Ռուսաստանից ներմուծվող բնական գազի հնարավոր թանկացումն ու դրան այլընտրանքներ գտնելու հարցը։ Ջեռուցման սեզոնի մեկնարկին այս մտավախություններն առավել զգայուն են․ դեռ սեպտեմբերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ սցենարը բնորոշել էր որպես «ավելի ապոկալիպտիկ»՝ շեշտելով ԿԲ-ի առավել ուժգին արձագանքի անհրաժեշտությունը։ Ի՞նչ հետևանքներ կունենա ռուսական գազի թանկացումը, և ի՞նչ իրական այլընտրանքներ ունի Հայաստանը։
Գազի գինը՝ սահմանից մինչև սպառող
Հայաստանը Ռուսաստանից բնական գազը գնում է 165 դոլարով․ սա այն գինն է, որով կապույտ վառելիքը հասնում է ՀՀ սահման։ Վերջին անգամ բազային գինը պաշտոնապես վերանայվել էր 2019 թվականին, երբ 150 դոլարից դարձավ 165 դոլար։ Ու թեև առաջին հայացքից թվում է, թե վերջին տարիներին գազը չի թանկացել, սակայն իրականությունն այլ է։
2015 թ․ գազի գինը սահմանին 189 դոլարից նվազեց մինչև 165 դոլար 1000 խմ դիմաց, իսկ 2016-ին՝ մինչև 150 դոլար, դրան զուգահեռ նվազեց նաև սպառողներին մատակարարվող գազի սակագինը՝ 156 դրամից դառնալով 146 դրամ 1 մ3 գազի դիմաց։ 2017թ․ հունվարի 1-ից բնակիչ-բաժանորդների համար սակագինը կրկին իջեցվեց՝ դառնալով 139 դրամ (անապահով ընտանիքների համար՝ 100 դրամ)։
Սակայն 2019 թ․ սահմանային գնի 165 դոլար դառնալուց հետո սկսվեց հակառակ գործընթացը․ 2020 թվականին նախ թանկացան սակագները խոշոր սպառողների ու ջերմոցային տնտեսությունների համար, ապա նաև՝ անապահով ընտանիքների ու շարքային բնակիչ-բաժանորդների համար։
Իսկ արդեն 2022 թ․ գազի գինը սահմանին որոշվեց չափել ըստ դրա ջերմատվության։ Այսինքն 7900 կկալ/մ3 գազի համար գործում է 165 դոլար գինը, իսկ 8500 կկալ/մ3-ի դեպքում՝ 177 դոլար։
Ռուսաստանից Հայաստան բնական գազի ներմուծման փաստացի գների դինամիկան 2016–2025 թթ․
Այսինքն՝ թեև ֆորմալ առումով բազային գինը 165 դոլար է, սակայն գազ սպառողներն ու պետությունը փաստացի վճարում են ավելի թանկ։
Ներմուծման կառուցվածքը․ ՌԴ-ի մենաշնորհն ու Իրանի դերը
Հայաստան մտնող բնական գազի ծավալի գերակշիռ մեծամասնությունը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012–2025 թվականներին Հայաստանը տարեկան ներմուծել է 2.2–2.9 մլրդ մ3 գազ, որից Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է միջինում 84%, իսկ Իրանից ներմուծվել է ընդհանուր ծավալների ընդամենը 15–20%-ը։
Բնական գազի ներմուծման ծավալներն ըստ երկրների (Ռուսաստան և Իրան) 2012–2025 թթ. (մլն խմ)
Այս պահի միակ այլընտրանքը՝ Իրան-Հայաստան գազատար
Դեպի Հայաստան գազ ներմուծելու համար գործում է միայն երկու ուղի՝ Ռուսաստանից Վրաստանի տարածքով անցնող խողովակաշարը և 2007 թվականին շահագործման հանձնված Իրան-Հայաստան գազատարը։
1990-ականների վերջին, 2000-ականների սկզբին քննարկվում էր խոշոր տարանցիկ ծրագիր՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ուկրաինա ուղղությամբ 1200 մմ տրամագծով գազատարի կառուցում (տարեկան մոտ 8 մլրդ մ3 թողունակությամբ)։ Սակայն Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու այդ ծրագիրը կյանքի չկոչվեց, և 2007թ․ կառուցվեց ընդամենը 720 մմ տրամագծով խողովակաշար՝ տարեկան մոտ 2–2.3 մլրդ մ3 թողունակությամբ։ Սա գրեթե այնքան է, որքան անհրաժեշտ է Հայաստանի ներքին պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար։
Ավելին՝ Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց Մեղրի-Քաջարան հատվածը նույն 2007 թվականին վաճառվեց «ՀայՌուսգազարդին» (փոխարենը ռուսական գազի գինը Հայաստանի համար չբարձրացավ մինչև 2009թ.)։
| Իրան-Հայաստան գազատարի սեփականությունն ու շահագործման բացառիկ իրավունքը պատկանում է «Գազպրոմ Արմենիային»։ Հայաստանը չունի «երրորդ կողմի մուտքի» (Third-Party Access) հնարավորություն և չի կարող ինքնուրույն որոշել գազատարով այլընտրանքային առևտրային գազ ներմուծելու և բաշխելու հարցը։ |
«Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց»
Ի տարբերություն ռուսական գազի՝ Իրանից ներմուծվող գազի համար Հայաստանը գումար չի վճարում, և ուղիղ առևտրային վաճառք չի իրականացվում։ Այն գործում է բացառապես «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի շրջանակում (որը 2023թ. երկարաձգվեց մինչև 2030 թվականը)։
Բանաձևը հետևյալն է․ Իրանից ստացված յուրաքանչյուր 1 մ3 գազի դիմաց Հայաստանը վերադարձնում է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Երևանի ՋԷԿ-ում 1 մ3 գազից արտադրվում է շուրջ 4–4.5 կՎտ/ժ էլեկտրաէներգիա․ 3 կՎտ/ժ-ը վերադարձվում է Իրանին, իսկ գոյացած ավելցուկը (1–1.5 կՎտ/ժ) մնում է Հայաստանի ներքին ցանցում որպես էժան հոսանք։
Դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման և գազի ներմուծման վիճակագրությունը (2016–2024թթ.)
Դեպի Իրան արտահանված էլեկտրաէներգիայի ծավալներն ու արժեքը (2016–2024թթ.)
Ռուսական գնի «անհամեմատելիությունը» Եվրոպայի հետ
Հայաստանի կախվածությունը ռուսական մատակարարումներից ունի ակնհայտ տնտեսական գրավչություն․ ՌԴ-ից գազը գնվում է միջազգայինից ցածր գնով։
2021–2022 թվականներին միջազգային բորսաներում գազի գինը հասավ պատմական ռեկորդային 1,500–2,500 դոլարի (առանձին օրերին գերազանցելով 3,000 դոլարը), այսօր այն կայունացել է 350–400 դոլարի սահմաններում։ Իսկ Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 165 դոլար բազային գնով (ավելի բարձր կալորիականության դեպքում՝ 177 դոլար)։
Հենց այս էժան գինն է, որ թույլ է տալիս աշխատել տեղական արդյունաբերությանը, ջերմոցներին և պահպանել տրանսպորտի համեմատաբար ցածր ինքնարժեքը (Հայաստանում ավտոտրանսպորտի զգալի մասը շահագործվում է սեղմված բնական գազով)։
Ի՞նչ տեղի կունենա, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը կամ էականորեն թանկացնի այն
Եթե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տարաձայնությունների հետևանքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվի կամ գինը սահմանին դառնա շուկայական (350–400 դոլար), տնտեսությունը կարող է հայտնվել շոկային վիճակում․
Գազի գնի կրկնապատկումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների կտրուկ աճի (քանի որ Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 40%-ն արտադրվում է գազով աշխատող ՋԷԿ-երում)։ Դա շղթայական ռեակցիայով կբարձրացնի բոլոր ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը՝ իր հետ բերելով շոշափելի գնաճ։
Ջերմոցային տնտեսությունները, հանքարդյունաբերական ու մետաղագործական ձեռնարկությունները կդառնան անմրցունակ և ստիպված կլինեն փակվել կամ կրճատել արտադրությունը։
Հայաստանում ավտոտրանսպորտի մոտ 45%-ն աշխատում է սեղմված գազով (ԱԳԼՃԿ-ներ)։ Գնի աճը կհարվածի ուղևորափոխադրումներին, բեռնափոխադրումներին և լոգիստիկային։
Հայաստանի բնակֆոնդի գազաֆիկացման մակարդակը գերազանցում է 95%-ը։ Ձմռան ամիսներին այլընտրանքային ջեռուցման (էլեկտրականություն, փայտ) անցնելը բավական անիրատեսական կլինի մի կողմից էլցանցերի ծանրաբեռնվածության, մյուս կողմից վառելափայտով ողջ բնակչությանն ապահովելու անհնարինության պատճառով։
Իրանական և ադրբեջանական այլընտրանքները
Իրանից գազ գնելու հեռանկարը
Իրանը մշտապես պատրաստակամություն է հայտնել ավելացնել մատակարարումները, սակայն այստեղ գործում է մի քանի հիմնական խոչընդոտ․
Գինը․ Իրանը տարածաշրջանում 165 դոլարով գազ չի վաճառում։ Թուրքիային և Իրաքին վաճառվող գազի գները կապված են նավթի գների հետ և կազմում են 250–320 դոլար։ Բացի այդ, Իրանը պահանջում է վճարում կոշտ արժույթով/ պայմանավորված արևմտյան պատժամիջոցներով/, ինչը Հայաստանի համար անհնար է։
| Կոշտ արժույթ․ համաշխարհային շուկայում լայնորեն ընդունված, կայուն և վստահելի արժույթ, որը հիմնականում օգտագործվում է միջազգային առևտրի և ֆինանսական գործարքների ժամանակ․ դոլար, եվրո, ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ․․․ |
Էներգետիկ հզորությունների սահմանափակումը (բարտերի դեպքում)․ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրով յուրաքանչյուր 1 մ3 գազի դիմաց Հայաստանը պարտավոր է Իրանին վերադարձնել 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Եթե Հայաստանը փորձի ամբողջ 2–2.3 մլրդ մ3-ը վերցնել բարտերով, ստիպված կլինի Իրան արտահանել տարեկան 6–7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Հայաստանի գործող ՋԷԿ-երը (Երևանի ՋԷԿ և Հրազդանի 5-րդ էներգաբլոկ) ֆիզիկապես չունեն նման ծավալի էլեկտրաէներգիա արտադրելու հզորություն։ Համեմատության համար նշենք, որ միայն նախորդ տարի Հայաստանում արտադրվել է մոտ 9.7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Այսինքն՝ Հայաստանի կարիքները ամբողջությամբ բավարարելու համար Իրանից գազ վերցնելու դիմաց Հայաստանը պետք է «վճարի» իր ողջ էլեկտրաէներգետիկ հզորությունների արդյունքում արտադրված հոսանքի 60-70 տոկոսը։
Տեղափոխման անհնարինությունը․ Եթե նույնիսկ Հայաստանը կարողանա արտադրել այնքան հոսանք, որ բավարարի և՛ ներքին կարիքները, և՛ Իրանից ներկրվող գազի դիմաց էլեկտրաէներգիա արտահանելու համար, ապա ծագում է մեկ այլ խոչընդոտ․ դեպի Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը չի բավականացնի այդպիսի հզորությունների տեղափոխման համար։
Այս պահին դեպի Իրան գործում է երկու էլեկտրահաղորդման գիծ, որոնցից մեկը կառուցվել է դեռևս Խորհրդային տարիներին, իսկ մյուսը 90-ականների երկրորդ կեսին։ Այս երկու էլեկտրահաղորդման գծերի ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 300-350 ՄՎտ։
Հայաստան-Իրան երրորդ՝ 400Կվ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2006թ։ Գործուն քայլեր, սակայն, սկսել են ձեռնարկվել միայն 2015թ-ից։ Նախատեսվում էր աշխատանքներն ավարտել 2018 թվականին։ Ու թեև նախկին ու ներկա իշխանությունները պարբերաբար հայտարարում էին շինարարության մոտալուտ ավարտի մասին, սակայն այս ռազմավարական նախագծի շինարարությունը մինչև այսօր չի ավարտվել։
Մինչդեռ այս գծի շահագործումը կենսական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության և «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ընդլայնման համար: Սրա շնորհիվ Հայաստանի ու Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը գործող մոտ 350 ՄՎտ-ից կարող է եռապատկվել՝ հասնելով շուրջ 1,000–1,200 ՄՎտ-ի, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա Իրանից ներմուծել տարեկան ոչ թե 350–400 մլն, այլ ընդհուպ մինչև 1–1.2 մլրդ մ3 գազ։
Ենթակառուցվածքային մենաշնորհը և «երրորդ կողմի մուտքի» բացակայությունը․ Իրան-Հայաստան գազատարի հայաստանյան հատվածը և ներքին բաշխիչ ցանցը պատկանում են «Գազպրոմ Արմենիային»։ Հայաստանի կառավարությունը չունի անկախ իրավական և տեխնիկական հնարավորություն՝ ռուսական կողմի շահերին ակնհայտորեն հակասող նման ծավալի գազ մղելու այդ խողովակաշարով։
Այսինքն՝ երրորդ երկրից գազ գնելուց առաջ Հայաստանը պետք է նախ լուծի իր տարածքում բացառիկ մենաշնորհ ունեցող ռուսական ընկերության կողմից բնական խոչընդոտը։ Դրա համար կամ պետք է գնի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազատար համակարգն իր ենթակառուցվածքներով, կամ ստեղծի իր սեփական ցանցը, ինչը նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում բավական անիրատեսական է թվում։
Մեկ այլ տարբերակ է գազատրանսպորտային համակարգի ազատականացումը։ Այլ կերպ ասած՝ հրավիրել այլ խաղացողների, որոնք պատրաստ կլինեն սեփական միջոցներով կառուցել սեփական ցանցն ու գազ մատակարարել Հայաստանին, կամ վարձակալել «Գազպրոմ Արմենիայի» գազատրանսպորտային համակարգը։ Սակայն այս դեպքում էլ գազի շուկայական գնին կավելանան այն ծախսերը, որոնք կատարել են մատակարարները Հայաստան գազ մատակարարելու ու սպառողին հասցնելու համար։
Որպեսզի պարզ դառան, թե ինչ գնի մասին է խոսքը, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանում մայրուղային գազատարերի և գազատար-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը ավելի քան 1840 կմ է, իսկ բարձր, միջին ու ցածր ճնշման գազատարների ընդհանուր երկարությունը ավելի քան 11 000 կմ։ Սա նշանակում է, որ նոր ցանցի, նոր ենթակառուցվածքների, գազաչափիչ և անվտանգության հանգույցների կառուցումը կարժենա մի քանի մլրդ դոլար։
Ադրբեջանից գազ ներկրելու հնարավորությունը
Վերջին շրջանում տարբեր քաղաքական գործիչներ և փորձագետներ հայտարարում են, որ եթե բանը հասնի նրան, որ Ռուսաստանը որոշի թանկացնել գազի գինը կամ դադարեցնել դրա մատակարարումը Հայաստան, ապա Հայաստանը գազ կգնի Ադրբեջանից։
Բացի ակնհայտ զգայուն քաղաքական, ռազմավարական և անվտանգային խոչընդոտներից, այս տարբերակն ունի խիստ նյութական և լոգիստիկ արգելքներ․
Խորհրդային գազատարների անմխիթար վիճակը․ ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանից եկող խողովակաշարերը (Ղազախ-Իջևան և Նախիջևան-Երևան հարավային ճյուղը) չեն գործում անկախությունից ի վեր։ Հայտնի չէ նաև արդյո՞ք այս գազատարները ֆիզիկապես գոյություն ունեն թե ոչ։
Նոր գազատարի արժեքը․ Լեռնային բարդ ռելիեֆում 700մմ տրամագծով բարձր ճնշման գազատարի 1 կմ-ի կառուցումը շատ մոտավոր հաշվարկներով արժե 1-1.5 մլն դոլար։ Այս հաշվարկի համար հիմք ենք ընդունել 2022թ․ Լեհաստանի ու Լիտվայի միջև կառուցված նույն չափի գազատարը։ Ադրբեջան-Հայաստան նոր գազատարի կառուցումը առանց գազաբաշխիչ հանգույցների և ճնշման կայանների կարժենա ավելի քան 50 մլն դոլար։
Իրավական մենաշնորհը․ Նույնիսկ եթե Ադրբեջանից խողովակաշար կառուցվի, Հայաստանի տարածքում այն պետք է միանա «Գազպրոմ Արմենիայի» ներքին ցանցին, որն ունի բաշխման բացառիկ մենաշնորհ։ Այսինքն՝ նույնիսկ եթե Ադրբեջանից գազը գնվի, ստիպված ենք լինելու դրա տեղափոխումն ու բաշխումը համաձայնեցնել ռուսական կողմի հետ։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը թեև հարուստ է գազի պաշարներով, սակայն արդյունահանման ծավալները սահմանափակ են ու երբեմն Ադրբեջանն ինքն է գազ գնում Ռուսաստանից։ Ադրբեջանական գազի մեծ մասն արտահանվում է Եվրոպա, Թուրքիա և Վրաստան, որոնց հետ Ադրբեջանն ունի երկարաժամկետ մատակարարման պայմանագրեր և Հայաստանի կողմից գազ գնեու ցանկությունը չի երաշխավորում, որ Ադրբեջանն այս պահին ի վիճակի է բավարարելու լրացուցիչ 2-2.5 մլրդ խմ գազի պահանջարկ։
Ամփոփում
Հայաստանի գազային անվտանգությունն այս պահին խոցելի է․ Ռուսաստանն ապահովում է կենսականորեն անհրաժեշտ էժան գազ, սակայն միաժամանակ տիրապետում է երկրի ողջ գազային ենթակառուցվածքներին։
Իրանական կամ ադրբեջանական գազի մասին ցանկացած խոսակցություն՝ առանց գազատրանսպորտային համակարգի ազատականացման, միլիարդավոր դոլարների ներդրումների և սակագների բարձրացման հետ հաշվի նստելու, մնում է բացառապես տեսական։ Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ռուսական գազից հրաժարվելը կամ դրա գնի կտրուկ աճը Հայաստանում կառաջացնի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ։ Դրանից խուսափելու կամ գոնե մեղմելու համար Հայաստանը այսօր արդեն պետք է սկսի նոր գազային ենթակառուցվածքների նախագծումն ու կառուցումը, բանակցությունների միջոցով հետ գնի «Գազպրոմ»-ին պատկանող ցանցը (եթե հաջողվի) և միայն համալիր միջոցառումներն իրականացնելուց հետո սկսի մտածել այլընտրանքային գազի մատակարարներ գտնելու ու շուկան դիվերսիֆիկացնելու մասին։
Սևադա Ղազարյան